Սերժ Սարգսյանի իշխանությունը չի պատրաստվում փոխել մեթոդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեպետ վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերը քաղաքական առօրյայից ժամանակավորապես հեռացրին սահմանադրական փոփոխությունների խնդիրը, իշխանություններն ակնհայտորեն չեն պատրաստվում հրաժարվել դրանից:

Ավելին՝ բռնությունների ու տնտեսական ամենաթողության շարունակականությունն առավել եւս համոզում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը չի պատրաստվում փոխել մեթոդները՝ անկախ սահմանադրական նորմերի վերանայումներից: Այդուհանդերձ, հարկ է անդրադառնալ Սարգսյանի կողմից ձեւավորված հանձնաժողովի հրապարակած «Հայեցակարգին»: Այսօր կքննարկենք փաստաթղթի՝ գործադիր իշխանության երկատվածությանը վերաբերող պնդումը, որը սահմանադրականության համատեքստում լիովին արդիական է, սակայն ներկայումս տեղի ունեցող գործընթացների համատեքստում՝ վերացական:

Այսպես՝ հրապարակված փաստաթղթի «Ներածություն» բաժնում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորելու համար բերվում է հետեւյալ փաստարկը. «Անկատար են գործադիր իշխանության համակարգի սահմանադրական հիմքերը, այն չունի ներքին կուռ տրամաբանություն, գործառույթների ու լիազորությունների հստակ սահմանազատում: Օրակարգային հրատապ հարց է առկա անհստակության եւ երկվության հաղթահարումը գործադիր իշխանության գործառութային դերի, իրավասության եւ պատասխանատվության միջեւ»: Ուշագրավ է, որ այս պնդումը բավականին հիմնավոր է իր բնույթով, քանզի գործող Սահմանադրությամբ նախատեսված, գործադիր իշխանությունը, ըստ էության, մասնատված վիճակում է, ինչը թույլ է տալիս պատասխանատվության հարցում լղոզված ու անհասցե մեկնաբանություններ կատարել: Ակնհայտ է, որ Կառավարությունում վարչապետի գործառույթը չի կարող լիովին արդյունավետորեն իրականացվել հենց թեկուզ այն պատճառով, որ ուժային կառույցների ղեկավարները նրան չեն ենթարկվում: Ի վերջո, գործող Սահմանադրության համաձայն, նախարարներին նշանակում է նախագահը վարչապետի առաջարկությամբ, ինչը նշանակում է, որ կադրային տվյալ որոշման պատասխանատվության պարագան իմպերատիվ բնույթ չի կրում:

Հայեցակարգում, սակայն, բացատրված չէ նաեւ, թե ինչպիսի ընթացակարգ է նախատեսվում վերոհիշյալ ողջ գործընթացի համար: Վերջ ի վերջո, նախագահը կարող է եւ չնշանակել վարչապետին ցանկալի թեկնածուին, ինչը միանշանակորեն կոնֆլիկտ է հարուցում: Ի դեպ, 1990-ականների կեսերին վարչապետ Հ. Բագրատյանն ուժայինների հետ խնդիրներ ուներ, ինչն այդպես էլ սահմանադրական կանոնակարգման չենթարկվեց: Ցավալիորեն, 2005թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում այս խնդիրը չլուծվեց, թեպետ վարչապետի դիրքերը մի փոքր ուժեղացան: Պատասխանատվության երկվությունը շարունակվեց, քանի որ փոփոխությունները կառավարման համակարգում իրական հավասարակշռություն ստեղծելուն չէ, որ միտված էին: Այդժամ Քոչարյանը, անձամբ խախտած լինելով ՀՀ Սահամանադրությունը, անշուշտ, չէր կարող իրավական կարգեր հաստատել, այլ պարզապես նպատակ ուներ իր համար ստեղծել այնպիսի Սահմանադրություն, որպեսզի, շախմատային եզրույթով ասած, «փոխատեղմամբ» բազմեր վարչապետի աթոռին:

Չխորանալով չիրականացած ծրագրերի մանրամասնություններում՝ հարկ է հստակորեն գնահատել, որ սահմանադրական վերոնշյալ փոփոխությունները չանդրադարձան այս կարեւորագույն հարցի լուծմանը: Այսուհանդերձ, ներկայումս տիրող իրավիճակում սա, իհարկե, խնդիր չի կարող հարուցել, քանզի հազիվ թե Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի միջեւ գործառութային հակասություններ առաջանան ինչ հարցով էլ որ լինի: Արամ Սարգսյանի վարչապետությունից հետո գործադիրի ներսում հստակ իրավիճակ էր ստեղծված. որոշողը Քոչարյանն է (այժմ՝ Սարգսյանը), իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնողները լոկ քավության նոխազներն են:

Պետական մարմնի նման ապականումը չի կարող կարգավորվել՝ Սահմանադրության մեջ մի քանի տող փոփոխելով, առավել եւս այն պարագայում, երբ այդ փոփոխությունների հեղինակները հենց իրենք` համակարգն այլասերողներն են:

Հարկավ, գործադիրի գործառույթների ու լիազորությունների ճշգրտման խնդիր կա սահմանադրականության մակարդակում, այն էլ, եթե երկիրը զարգանում է նորմալ գործընթացների հիման վրա: Դրա լուծումը գտնվել է առողջ քաղաքական համակարգերում, բայց ոչ միայն խոսքով, այլեւ առաջին հերթին՝ գործով: Միացյալ Նահանգներում, օրինակ, վարչապետի ինստիտուտ գոյություն չունի եւ գործադիր իշխանության համապարփակ գործառույթը վերապահված է անմիջականորեն նախագահին: Այնտեղ չկան նաեւ նախարարներ, որոնց փոխարեն համապատասխան ոլորտների պրոֆեսիոնալ քարտուղարներ են, ովքեր կոչվում են նախագահի խորհրդակիցներ:

Հատկանշական է, որ կրկնաստորագրության ինստիտուտի կիրառմամբ յուրաքանչյուր սխալի պատասխանատուն համապատասխան պաշտոնյան է, ով պատասխանատու է Կոնգրեսի առաջ: Ի դեպ, այս պրակտիկան ավելի վաղ սկսել է կիրառվել Մեծ Բրիտանիայում, որտեղ կրկնաստորագրության ինստիտուտի միջոցով լուծվեց քաղաքական պատասխանատվության խնդիրը: Մեզ մոտ, սակայն, այժմ որքան էլ կրկնաստորագրություն ու նման այլ քաղաքակիրթ մեթոդներ ներմուծենք, միեւնույն է, ոչ ոք պատասխան չի տալիս եւ չի էլ տալու, քանի դեռ քաղաքական կամք եւ ցանկություն չկա: Արդ, ներկայումս տեղի ունեցող ֆինանսական խայտառակության համար տեսանելի պատասխանատուն Կենտրոնական բանկն է, սակայն մի՞թե դրա ղեկավարները մտածում են հրաժարականի, կամ գոնե սխալների ու բացթողումների համար պատասխանատվության կանչվելու մասին: Բնականաբար` ոչ, քանզի նրանց էլ հովանավորում է օլիգարխիկ համակարգը եւ անձամբ Սերժ Սարգսյանը: Ուստի եւ խնդիրների լուծումը պետք է լինի ոչ թե հռչակագրային մակարդակով, այլ շարունակական համակարգային փոփոխությունների եւ գործնական քայլերի արդյունքում:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս