Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Շուշիում անցկացվելիք քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսի և սիմպոզիումին մասնակցելու նպատակով Իտալիայից Երևան ժամանած արվեստագետների հետ։ Այս մասին armlur .am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրերին, որոնց թվում են Իտալիայի ամենահին ու հայտնի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսորներ, ազատ քանդակագործներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել միջոցառման նախաձեռնողներին և կազմակերպիչներին, ինչպես նաև մասնակիցներին պատրաստակամության համար և ընդգծել, որ սիմպոզիումի միջոցով լայն հնարվորություններ կարող են ստեղծվել իտալական քաղաքների ու Երևանի միջև` ամրապնդելու և զարգացնելու մշակութային կապերը:
“Հայ-իտալական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, իսկ հայկական ու իտալական մշակույթային կապերը պատմական լուրջ կենսագրություն ունեն: Երևանը համագործակցում է Իտալիայի մի շարք քաղաքների հետ դեռ տասնամյակներ առաջ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ անցյալ տարի քույր քաղաքներ հռչակվեցին նաև Երևանն ու Վենետիկը: Երևանի քաղաքապետարանը մշտապես բաց է համագործակցության համար և պատրաստ քննարկելու մշակութային ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու առաջարկներ”,-նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսը, բարձր գնահատելով Երևանի քաղաքապետարանի և, մասնավորապես, քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությունը սիմպոզիումի կազմակերպման հարցում, նշել է, որ իտալացի մասնագետները լի են ծրագրերով և նոր մտահղացումներով` ուղղված Արցախի և Շուշիի պատմական ու մշակութային արժեքների վերականգմանը:
Շնորհակալություն հայտնելով արվեստագետներին երկրորդ տարին անընդմեջ Արցախում կազմակերպվող մշակութային առաքելության համար` Տարոն Մարգարյանն ընդգծել է միջոցառման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ սիմպոզիումի շրջանակում Երևան այցելությունը խթան կհանդիսանա հայ և իտալացի արվեստագետների հետագա համագործակցությանը և նոր ու հետաքրքիր ծրագրերի իրականացմանը նաև Երևանում: