Կիրակի օրը «Հարսնաքար» ռեստորանի դիմաց մոմավառություն էր: Այն կազմակերպվել էր ռեստորանում ծեծի ենթարկված ու սպանված Վահե Ավետյանի մահվան յոթերորդ օրվա կապակցությամբ, որն էլի ուղեկցվել է բռնություններով: Նախ ոստիկաններն են քաշքշել ու հարվածներ հասցրել ակցիայի մասնակիցներին, ապա ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարված Ռուբեն Հայրապետյանն է հարվածել եւ գետնին տապալել իրավապաշտպան Արման Վեզիրյանին:
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով 08.07.2012թ. «Հարսնաքար»-ի մոտ Ռուբեն Հայրապետյանի կողմից իրենց դիտորդ Արման Վեզիրյանին բռնության ենթարկելու փաստը: Նկատենք, որ մոմավառությանը մասնակցած իրավապաշտպան Արման Վեզիրյանն ընդամենը փորձել է նկարահանել ռեստորանի մոտ գտնվող Ռուբեն Հայրապետյանին: Այդ ժամանակ վերջինս հարվածել եւ գետնին է տապալել նրան: Իսկ արդեն երեկ զանգահարել է Արման Վեզիրյանին ու ներողություն խնդրել՝ ասելով, թե զղջում է իր արարքի համար:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Սա ուղղակի ապացուցում է, որ այն թատրոնը, որը կազմակերպվեց Ռուբեն Հայրապետյան եւ Սերժ Սարգսյան հանդիպումից հետո, իրապես թատրոն էր: Հայրապետյանն իր տարերքի մեջ է եւ ընդհանրապես արհամարհական վերաբերմունք ունի հասարակական կարծիքի եւ հասարակության նկատմամբ»: Նրա համոզմամբ՝ պատգամավորը բռնության միջոցով է իր հարցերը լուծում, նման մարդկանց տեղը քրեակատարողական հիմնարկն է: «Սա Ռուբեն Հայրապետյանի հարցը չէ, այլ իշխող քաղաքական էլիտայի, որը պատասխանատվություն է կրում բռնության մշակույթի դեմը չառնելու, ավելին, հովանավորելու համար»,-հայտարարեց իրավապաշտպանը:
Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրեց, որ Արման Վեզիրյանը հրավիրվել է հարցաքննության եւ հայտնել, թե ոչ մի բողոք չունի Ռուբեն Հայրապետյանի դեմ: Թե ինչն է ստիպել Վեզիրյանին ներել Հայրապետյանին եւ մոռանալ պատգամավորի հասցրած հարվածը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել Արմանից: Սակայն նա ասաց, թե որեւէ կերպ չի մեկնաբանում կատարվածը՝ խորհուրդ տալով դիմել իր փաստաբանին: Այդպես էլ արեցինք, սակայն դարձյալ չստացանք հստակ պատասխան. փաստաբան Գայանե Խաչատրյանն ասաց. «Մեզ միայն պետք է, որ այս միջադեպը հասանելի լինի մեր իշխանությանը, որ նրանք համապատասխան միջոցներ ձեռնարկեն նման անձանց հեռու պահելու իշխանությունից»:
Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության անօրինական գործողություններին, ապա, ըստ պաշտոնական տեղեկության, ուսումնասիրվում են ոստիկանների՝ այդ օրվա գործողությունները, որից հետո նոր գնահատական կտրվի:
Հ.Գ. «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ Ռուբեն Հայրապետյանը եւ նրա կամակատարները պետք է փոխհատուցեն Վահե Ավետյանի ընտանիքին հասցված նյութական եւ բարոյական վնասը:
Նրանք մի շարք գնահատականներից հետո այսպիսի պահանջներ են ներկայացրել.
l Ռուբեն Հայրապետյանը եւ նրա կամակատարները պետք է փոխհատուցեն Վահե Ավետյանի ընտանիքին հասցված նյութական եւ բարոյական վնասը.
l Ռուբեն Հայրապետյանը պետք է զրկվի քաղաքական ու հասարակական գործունեություն ծավալելու հնարավորությունից.
l Ռուբեն Հայրապետյանը պետք է օրենքի ուժով կրի իր արարքներին համարժեք պատիժ, քանի որ այդ անձը ուղղակի պատասխանատու է քրեածին վարքագիծ ունեցող անձանց իր թիկնազորում աշխատանքի ընդունելու եւ իր հանրային ելույթներով ու բռնությամբ ինքնադատաստան տեսնելու կենսակերպով նրանց աշխատելաոճը ձեւավորելու համար.
l Հանրությունը պետք է հրաժարվի Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող ընկերությունների արտադրած ապրանքներից ու մատուցած ծառայություններից:
Լարիսա Ալավերդյան, ՀՀ մարդու
իրավունքների առաջին պաշտպան
Ժաննա Ալեքսանյան, լրագրող
Լիլիթ Գալստյան, քաղաքագետ
Աշոտ Գեւորգյան, ֆիզիկոս
Կարո Եղնուկյան, իրավաբան, գործարար
Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
Նազարեթ Կարոյան, արվեստաբան
Կարինե Հակոբյան, հրապարակախոս
Արսեն Համբարյան, երգահան
Երվանդ Մանարյան, դերասան, ռեժիսոր
Նվարդ Մանասյան, դասախոս
Վահրամ Մարտիրոսյան, գրող,
հրապարակախոս
Զարուհի Մուրադյան, նկարիչ
Եղիա Ներսիսյան, բնապահպան
Գարեգին Չուգասզյան
համակարգային վերլուծաբան
ՎԵԶԻՐՅԱՆԸ ԲՈՂՈՔ ՉՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ