Մենք պայմանավորվածությունները կատարել ենք. վարչապետը՝ առևտրականների բողոքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնդրանքով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն անդրադարձավ փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների մասին, որի դեմ երկար ժամանակ է, ինչ բողոքում են առևտրականները:

Նրա խոսքով, ի սկզբանե փոխզիջումային տարբերակ է առաջարկվել առևտրականներին, որը սակայն մի քանի խնդիր էր առաջացրել:  Նա նշեց, թե առևտրականները բողոքում էին գույքագրման պահանջի հետ, քանի որ ձևը մատչելի չէր:

«Այժմ էականորեն հեշտացվել է այդ ձևը, որն իրենք մեկ անգամ պետք է ներկայացնեն իրենց գործունեության ընթացքում՝  թեկուզ աշխատի 10 տարի: Մենք պարզեցրեցինք այդ ձևը և ընդամենը սահմանվեց, որ խոշորացված ապրանքային խմբերով պետք է ներկայացվի», – ընդգծեց նա:

Միրումյանի խոսքով, առկա է եղել նաև իրազեկման խնդիր, քանի որ առևտրականները բողոքել են, որ տեղյակ չեն, թե իրենց ինչ է սպասվելու:

Ի պատասխան վարչապետն առաջարկեց այսօր հանդիպում կազմակերպել նրանց ներկայացուցիչների հետ:

«Փաստորեն մենք մեր պայմանավորվածությունները կատարել ենք», – ընդգծեց վարչապետը:




Լրահոս