ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՐՏ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ դատախազության կոլեգայի ընդլայնված նիստում ռեպլիկ է արել, թե հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր երեւույթներ են արձանագրվում: «Այդ քայլին գնում են այն ոստիկանապետերը, այն օպերատիվ աշխատողները, որոնք չեն աշխատում, թերանում են իրենց աշխատանքում, չեն կարողանում աշխատել: Խելացի ոստիկանները նման դեպքեր չեն հանդուրժում»,- նշել է գլխավոր դատախազը` խոսելով թվերի լեզվով. որ միայն Երեւանում նախորդ տարի հաշվառումից թաքցված 1102 հանցագործության դեպք է հայտնաբերվել: «Ես հակված չեմ մտածելու, թե այդ բոլոր հանցագործությունները թաքցված են եղել: Երկու պատճառ կա. կամ դրանք թաքցվել են, կամ էլ տուժածները հանցագործության մասին հաղորդում չեն տվել»,- խոսքի վերջում փորձել է իրավիճակը մեղմել Աղվան Հովսեփյանը: Նրա կարծիքով, երկու դեպքում էլ տուժում է իրավապահ համակարգը:Երեկ «Ժողովուրդ»-ը դատախազի ասածների վերաբերյալ մեկնաբանություններ խնդրեց ՀՀ ոստիկանությունից: Այդ կառույցի Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ պատասխանեցին, թե «ՀՀ գլխավոր դատախազը իրականում նշել է, որ ոստիկանության եւ գլխավոր դատախազության ղեկավարությունը ակտիվ պայքար են մղում հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր երեւույթի դեմ, ինչի շնորհիվ, նման դեպքերը հասցվել են նվազագույնի, այդուհանդերձ, այդ արատավոր գործընթացը դեռեւս շարունակվում է»:Հարցին` ՀՀ ոստիկանապետը բացահայտե՞լ է, թե կոնկրետ ո՞ր շրջանների ոստիկանապետերն են թաքցրել հանցագործությունները, ոստիկանությունը պատասխանել է. «Այդ երեւույթը նաեւ ՀՀ ոստիկանության պետի ուշադրության կենտրոնում է, եւ կոնկրետ միջոցառումներ են ձեռնարկվում այն արմատախիլ անելու ուղղությամբ: Մասնավորապես` 2010 թվականին հանցագործությունները հաշվառումից թաքցնելու համար պատասխանատվության է ենթարկվել  ոստիկանության 8 ծառայող»:«Ժողովուրդ»-ը այս առիթով փորձեց եւս մեկ անգամ հետաքրքրվել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից, թե ի՞նչ հարաբերություններ ունի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, եւ արդյոք վերջինիս հայտարարությունները անձնավորվա՞ծ են: Ոստիկանության լրատվական ծառայությունը պատասխանեց, որ «Գլխավոր դատախազի հայտարարություններն անձնական մոտիվ ունենալ չեն կարող, քանի որ ՀՀ ոստիկանության պետն ու գլխավոր դատախազը գործընկերային եւ անձնական սերտ հարաբերություններ ունեն»: Ուրախ ենք:ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս