ԽՈՐԹ ԶԱՎԱԿ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Գյումրիում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռյաբեցը: Նրա գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, մասնակցեց Գյումրու պետական տեխնիկական քոլեջի 80-ամյակին նվիրված միջոցառմանը: Քոլեջի բակում բացվել է մասնագիտատեխնիկական երկու հրապարակ, որոնք օգտագործվելու են տեխնիկական քոլեջի ուսանողների գործնական ուսուցման, ինչպես նաեւ երկաթուղու աշխատողների վերապատրաստման համար:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռյաբեցը նշեց, որ անհրաժեշտ է աշխատանքներ իրականացնել մասնագետ կադրերի ուսուցման, վերապատրաստման, աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ. «Մասնագիտատեխնիկական հրապարակը հիմնել ենք այն բանի համար, որ տեսական եւ գործնական գիտելիքները հնարավորինս համաչափ լինեն: Բոլոր նմուշները գործող են եւ միացված են ընդհանուր համակարգին: Այնպես որ, այստեղ դասընթաց անցնող ուսանողները կարող են մասնագիտական լիարժեք հմտություններ ձեռք բերել: Այդ փորձի շնորհիվ նրանք ի վիճակի կլինեն բարձր որակով կատարել իրենց ծառայողական պարտականությունները»:
ԿԳ նախարարի կարծիքով էլ՝ վերջին շրջանում երիտասարդներն ավելի պրակտիկ ընտրություն են կատարում: Այդ առումով կարեւորվում է նաեւ տեխնիկական կրթությունը: «Կառավարության համար մասնագիտական կրթության ոլորտը դուրս է եկել ստվերից եւ  այլեւս դպրոցի ու բուհի խորթ զավակը չէ, այլ իրավահավասար եւ նույն կարեւորությամբ հատված է, որտեղ նույնպես մենք պետք է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր տեսակի ծառայություններ մատուցենք»,-նշեց Արմեն Աշոտյանը:
Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչով էր պայմանավորված Ակադեմիական միջազգային ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը փակելու որոշումը: Արդեն տեղեկացրել ենք, որ այն դադարեցրել է իր գործունեությունը: Ուսանողներին առաջարկվել է ուսումը շարունակել մայրաքաղաքում կամ տեղի բուհերից մեկում: Նրանք էլ որոշումը համարում են անհիմն, դիմում-բողոքներ հասցեագրում տարբեր ատյաններ՝ շեշտելով, որ իրենց ի սկզբանե չեն զգուշացրել, որ օրերից մի օր բուհը կարող է դադարեցնել իր գործունեությունը: Ուսանողները նաեւ պնդում են, որ տեղի բուհերում իրենց մասնագիտությանը համապատասխան բաժիններ չկան:
Աշոտյանը պարզաբանեց, որ բուհը դադարեցնում է իր գործունեությունը ֆինանսական խնդիրների պատճառով. «Տվյալ բուհի մասնաճյուղի փակման հարցը որոշել է ինքը՝ բուհը, որովհետեւ ի վիճակի չէ Գյումրիում պահել մասնաճյուղ: Իսկ ուսանողներին մենք պատրաստ ենք տեղավորել ցանկացած բուհ՝ համապատասխան ֆակուլտետում»:
Հիշեցնենք, որ բուհի փակման դեպքում դասախոսների կրճատում եւս կլինի: Նախարարն այս դեպքում որեւէ այլընտրանք չառաջարկեց. «Մասնավոր գործատուն պետք է լուծի այդ մարդկանց խնդիրները»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս