ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱ ԵՐԿՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am լրատվական կայքի «Հատուկ կարծիք» հաղորդման հյուրն է ժողովրդական երգիչ Աղասի Իսպիրյանը: Վերջինս կարծիք հայտնեց, որ մարդիկ չարացած են եւ մեկը մյուսի նկատմամբ սրտացավ չեն:
-Արդյոք  հեշտ է կատարել հայրենասիրական երգեր եւ մնալ շոու բիզնեսի դաշտում: Մեր երկրում կա՞ հայրենասիրական երգերի պահանջարկ:
-Նախ ասեմ, որ հայրենասիրական երգ չես կարող մեկ օրում սովորել կամ զգալ. այն գալիս է արյան կանչով: Սրանից 10 տարի առաջ ժողովուրդը չէր հասկանում ազգագրական երգ` սասունցիներ, մշեցիներ, բայց փառք Աստծո, այսօր ամեն ինչ հասկացել է: Ես մեր գործը  շոու բիզնես չեմ կարող համարել, քանի որ մենք առաջինը ծառայում ենք երգին եւ հետո նոր երգը մեզ ծառայեցնում: Գիտեք, այսօր մի բան կա, երբ հարցը հասնում է ազգային երգին, բոլորն ասում են՝ դե լավ է, էդքան չարժե տալ, քանի որ կան մերկ աղջիկներ:
-Ձեր հորեղբայրն ԱՄՆ-ում է ապրում, չե՞ք պատրաստվում գնալ այնտեղ. ի վերջո, երգիչներն այնտեղ շատ են վաստակում:
-Որ ասում եք, թե բավականին գումարներ են վաստակում, նման բան չկա: Մի քանի տարի առաջ կար, հիմա էլ կա, բայց ոչ հայրենասիրական երգ կատարողի համար: Ես մեկ ամիս մնացի Լոս Անջելեսում, իմ ընկերների հետ համերգ ունեցա «Սասնա երկիր» ծրագրով, ու մինչեւ հիմա մենք էլ հրավեր չենք ստացել, չգիտեմ՝ ինչն է պատճառը, բայց այդպես է: Այնտեղի հարուստներն իրենց տներում կանչում են մի երկու կլառնետիստի ու խորովածով-բանով երգիչներին են երգացնում, դա հայրենասիրական երգ երգողին չի սազում, որ գնա, նման բան անի: Իմ հորեղբայրը 15 տարի է՝ բնակվում է այնտեղ, բայց սա է իմ հողն ու ջուրը, ես այստեղ եմ ու կմնամ, չեմ կարող այնտեղ մնալ: Ինձ եղել է առաջարկ Ամստերդամից, թե արի՛, մնա՛, լավ փող, լավ տուն կտանք քեզ, բայց չգիտեմ՝ դա ոնց կլինի, չեմ էլ ուզում պատկերացնել:
-Ես հասկանում եմ՝ սասունցի եք, բայց արդյոք մեր երկրում Ձեզ ամեն ինչ դուր է գալիս: Չկա՞ այնպիսի բան, որ կցանկանայիք փոխել:
-Այո՛, կա մի բան, որ կուզենայի լիներ՝ մեր երկրում ժողովրդի մտածելակերպը փոխվեր: Փոխվեր այն, որ մարդիկ չմտածեն՝ վա՜յ, սա լավ մեքենա ունի, լավ է հագնվել, ուրեմն լավ մարդ կլինի: Մաքուր պահենք մեր քաղաքը, մեկը մյուսի նկատմամբ սրտացավ լինի, ուզում եմ՝ դա փոխվի: Չգիտեմ, մարդիկ չարացած են:
-Նշում եք, որ մարդիկ չարացած են: Դա ինչի՞ հետեւանք է:
-Ամբողջ օրն ի՞նչ են ցույց տալիս հեռուստաեթերով` Գոռ ու Էլեն են ցույց տալիս, հիմա ինձ խոսացնում եք, որ խոսե՞մ: Էս ժողովուրդը, սերիալներից բացի, ի՞նչ է տեսնում: Մայրս նայում է, ասում եմ, թե ա՛յ մամ, էդ նայելու բան է, որ նայում ես: Ասում է՝ դե տղա՛ ջան, ինչ անենք, զբաղվում ենք էլի: Լավ բան որ լինի, մարդիկ լավ բանով կզբաղվեն:
-Շուտով նախագահական ընտրություններ են: Ի՞նչ եք ակնկալում մեր երկրի ղեկավարից, եւ ինչպիսի՞ ղեկավար կուզենայիք ունենալ:
-Ես ասեմ մի բան, որ 90-ական թվականներից ճանաչում եմ մեր նախագահին եւ կարծում եմ, որ մեր ներկայիս նախագահը դեռ շատ անելիքներ ունի: Այո՛, պետք է հավատանք, որ փոխվի:
Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք Armlur.am լրատվական կայքում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս