«Մենք խորին համոզմունք ունենք, որ քաղաքականությամբ պետք է բացառապես զբաղվեն քաղաքական գործիչները և անթույլատրելի է քաղաքականության մեջ եզրագծից դուրս գալն ու քաղաքականությունը վերածել շուկայի, վերածել թայֆաբազության»: ՀՀԿ խորհրդի նիստից հետո անդրադառնալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, այս մասին նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, նշել էր.«Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը»:
Շատ վտանգավոր է, երբ քաղաքականությամբ զբաղվում են գործիչներ, ովքեր կորցրել են չափի զգացումը»,- ընդգծեց նա:
Ըստ նրա՝ երբ կորցնում են չափի զգացումը, հայտնվում են տվայտանքների դաշտում: Շարմազանովը նշեց, որ հայտնի հռետորն ասում էր, թե գնդակը իշխանության դաշտում է, բայց հիմա իշխանությունը գնդակը տշել է, թող վազեն հասնեն գնդակին:
Նրա խոսքով՝ պոպուլիզմը, բիլակներով հարց լուծելը տեղ չունեն քաղաքականության մեջ: Շարմազանովը նշեց, որ սա պետություն է, ամեն ինչ պետք է լինի հարգանքի վրա:
«Եկել է իրերն իրենց անունով կոչելու ժամանակը, սթափության ժամանակը: Խոզերի առջև մարգարիտներ չեն փռում: ՀՀԿ-ն բացառապես քաղաքական ընտրապայքարի կողմնակից է»,- ասաց նա ու հավելեց, թե ՀՀԿ-ն պատրաստ է լսելու շատ սուր քննադատություն, բայց ոչ անձնական վիրավորանքներ: