ՊԱԼԱՉ, ԾԱՌՈՒԿՅԱՆ, ՍԱՐԳՍՅԱՆ. ԱՆՀԱՐՄԱՐ ՏՐԻՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին օրերին Պալաչը դարձել է հայրենի քաղաքական դաշտում ամենապահանջված թեման: Իշխանական PR-շիկները քաղաքացիական տարաբնույթ նախաձեռնությունների բարձրացրած աղմուկի պակասը լրացնում են Պալաչ-Ծառուկյան հակամարտության դրսեւորումների մասին զանազան արտահոսքերով:
Իսկ ո՞վ է Արթուր Հարությունյանը՝ նույն ինքը՝ Պալաչը, որի բարձրացրած խնդիրները քննարկման առարկա են դառնում ընդհուպ մինչեւ երկրի ղեկավարի մոտ: Նա սովորական քրեական տարր է, ժամանակին անմոռաց ծառայել է ինչպես իր քավոր Գագիկ Ծառուկյանին, այնպես էլ նրա երիտասարդ ու շարունակ կայանալու փորձեր անող փեսա Կարո Գուլոյանին: Մեզ համար ոչ այդքան հետաքրքիր պատճառներով Պալաչը դուրս է եկել Ծառուկյանի վերահսկողության սահմաններից՝ փորձելով ինքնադրսեւորվել ՀՀԿ-ի տիրույթում: Սակայն մի երկու ոչ այնքան բարձրաստիճան ՀՀԿ-ականների եւ մի քանի ոստիկանների հետ նրա շփումները այդպես էլ ,վերեւե չբարձրացան: Դրա համար էլ Պալաչի անունից ավելի վերեւները հայտարարություն տարածեցին՝ հարկ չհամարելով տեղեկացնել անգամ:
Իսկ ինչ վերաբերում է նրա ունեցվածքին, որի համար այդքան կատաղի պայքար է մղում, ապա դա ամենեւին էլ ձեռք չի բերվել ,արդար քրտինքովե: Պալաչը եւս նույն երթուղային գծերին տիրացել է զոռբայության, անպատժելիության արդյունքում: Ինչպես ասում են՝ խլել է ուրիշներից, հետեւաբար պիտի պատրաստ լինի առավել դաժան փորձությունների: 
Ու, այսքանով հանդերձ, ո՞րն է նրա “հմայքը”, որ մեր երկրի իշխանական կուսակցությունը հույսը դրել է անհասկանալի այդ կերպարի վրա: Պատասխանը մեկն է. ողջ երկրում միայն Պալաչն է հանդգնել Նիկոլ Փաշինյանից հետո հրապարակավ արտասանել Գագիկ Ծառուկյանի մականունը: Այս պահվածքն անասելի գրավել է ՀՀԿ վերնախավին, դրա համար էլ նրան “փայփայում” են, որ հանկարծ Ծառուկյանը չնեղացնի Պալաչին: Բանն այն է, որ տարիներ շարունակ, բացահայտ կամ քողարկված, Սերժ Սարգսյանի ռեժիմը մշտապես Ծառուկյանի համար այլընտրանք է փնտրել Կոտայքում, բայց մինչ օրս չի գտել՝ բավարարվելով միայն հանցագործությունների հետ մշտապես առնչվող Կովալենկո Շահգալդյանին “բուծելով”: Այլընտրանքը, թերեւս, կարող էր լինել միայն Սասուն Միքայելյանը, որին դժվար է դարձյալ բերել ՀՀԿ տիրույթ: 
Ինչ վերաբերում է Գ. Ծառուկյանին, ապա նա պարզապես խաղում է Պալաչի հետ՝ սպասելով երբեմնի սիրելի սանիկի քաղաքական վախճանին: Բայց նշենք, որ այդ ժամանակահատվածը ամենեւին էլ հօգուտ Ծառուկյանի չի անցնում: Այս ընթացքում ամենահզորի համարում ունեցող “առյուծաձեւ”  կուսակցության ղեկավարի միֆը կոտրվեց, քանի որ նա իր դիմացինին փորձում է խեղճացնել բացառապես փողով: Բայց հայտնի ճշմարտություն կա, որ փողով հնարավոր չէ ամեն ինչ գնել՝ այդ թվում եւ բարի համբավ: 
Այս իրավիճակը շատ լավ հասկանալով՝ Պալաչ-Ծառուկյան “գծային” պատերազմին խառնվեց ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի համար “մերան”-ի դեր ունեցող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հենց նրա շնորհիվ էր, որ առաջին անգամ ՀՀԿ-ն հրապարակավ նկատողություն արեց Պալաչին՝ կոալիցիոն գործընկերոջը վիրավորելու եւ մականունով դիմելու համար: Օրերս էլ խնդրին “վիրահատական” միջամտություն ցույց տված Հովիկ Աբրահամյանի “քավորությամբ” Պալաչի անունից Ծառուկյանից ներողություն խնդրելու տեքստ հրապարակվեց լրատվամիջոցներում: Ու Պալաչը, որ մինչ այդ “կատու էր խփում պատերին”, չի համարձակվում ձայն հանել եւ ասել, որ ինքը չէ Բաղրամյան 26-ից կազմակերպված ներողության հեղինակը: Միայն ընկերների բերանով է ասում, թե առնչություն չունի ներողության տեքստի հետ:
Իսկ ի՞նչ արժե Պալաչի լռությունը. պարզվում է՝ բավականին էժան: Նրան փոխանցվել է, որ Սերժ Սարգսյանը հրահանգել է լռել, քանի որ Ծառուկյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել կամաց-կամաց ,թեթեւացնելե Երեւան-Չարենցավան, Երեւան-Աբովյան երթուղիներով աշխատող բարեգործական “պազիկների” թիվը: Ահա թե որն էր Պալաչի լռության գինը եւ կազմակերպված գործադուլից քաղած պտուղները:
Բայց այս պատմության մեջ ամենատխուր իրողությունն այն է, որ անգամ քրեական տարրերի գործունեությունն է կանոնակարգվում Սերժ Սարգսյանի կողմից, դրա համար էլ երկրի համար կարեւորագույն որոշումներ կայացնելու ժամանակ չի մնում:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս