Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ևևԶեյթունևև մշակութային կենտրոնի հանդիսավոր վերաբացմանը: Ալեքսանդր Թամանյանի նախագծով դեռ 50-ական թվականներին կառուցված մշակութային այս օջախն ավելի քան 18 տարի պարապուրդի էր մատնված,- հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, ընդգրկվելով քաղաքապետարանի 2012թ. ծրագրերում, մշակույթի տունն ամբողջությամբ հիմնանորոգվել է և նոր ուսումնական տարում ամբողջովին նորոգված ու անհրաժեշտ բոլոր հարմարություններով կահավորված իր դռները կբացի սաների առջև:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը շրջել է խմբակներով, ծանոթացել կատարված աշխատանքներին: Ի դեպ, վարչական շրջաններ կատարվող պարբերական շրջայցերի շրջանակում քաղաքապետը քանիցս անձամբ այցելել ու հետևել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Հիմնանորոգման ծրագրի շրջանակում շենքում առանձնացված արվեստի խմբակների դասասենյակները կահավորվել են համապատասխան գույքով, դահլիճն ու բեմն էլ վերազինվել են անհրաժեշտ տեսաձայնային և լուսային ժամանակակից տեխնիկական միջոցներով: Բեմի ներկա կահավորումը հնարավորություն է ընձեռում ինչպես պարային և թատերական միջոցառումներ բեմադրել, այնպես էլ կազմակերպել կինոդիտումներ:
“Զեյթուն” մշակութային տան վերաբացման առիթով շնորհավորելով վարչական շրջանի բնակիչներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող թամանյանական եզակի այս կառույցը այսուհետ լիովին կծառայի մատաղ սերնդի մշակութային կրթություն ստանալու շնորհակալ գործին:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մշակույթի զարգացման ու տարածման գործում ունեցած ավանդի համար մի շարք անձինք պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով:
Հիմնանորոգված մշակույթի տունը հնարավորություն կտա կրկնապատկելու, անգամ եռապատկելու խմբակներ հաճախող երեխաների թիվը: