Երևանի մնջախաղի պետական թատրոնը պատրաստվում է հյուրախաղերով հանդես գալ մի շարք երկրներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ընդգծեց, որ թատրոնը ճանաչված է շատ երկրներում և շատ մնջախաղի փառատոների կողմից:
«Մենք շատ հրավերներ ենք ստանում, և տարվա մեջ մի քանի անգամ մասնակցում ենք մի քանի փառատոների, հյուրախաղերով ենք հանդես գալիս: Այս տարի ևս ունենք հրավերներ: Գարնանը՝ մայիսին, պետք է Թբիլիսիում մասնակցենք առաջին անգամ կազմակերպվող մնջախաղի միջազգային փառատոնին: Հոկտեմբերին Մեքսիկայում Սերվանտինո փառատոնում ենք հանդես գալու: Երկու դեպքում էլ ներկայանալու ենք «Շերանիկ» ներկայացմամբ, որը մենք վերականգնում ենք»,- նշեց Ժիրայր Դադասյանը:
Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ «Շերանիկ»-ը բեմադրվել է դեռևս 2005 թվականին, բազմաթիվ հաջողություններ է ունեցել, դրսում ներկայացվել:
«Ինչ¬որ բաներ վերանայում ենք, դերասաններն են փոխվել: Նոր դերասաններ են մուտք գործում ներկայացման մեջ, նոր կազմ է ընդգրկվում և կարծես նորից բեմադրում ես»,- նշեց Դադասյանը:
Նրա խոսքով՝ բացի այդ, թատրոնում այժմ նոր ներկայացում է պատրաստվում, որը կոչվում է «Գալատեա»: «Ներկայացումը պատրաստում է Յուրի Կոստանյանը՝ թատրոնի տնօրենը: Դեռևս աշխատում ենք ներկայացման կոնցեպտի վրա: Հույս ունենք, որ այն հնարավոր կլինի իրականացնել պետպատվերի շրջանակում»,-եզրափակեց նա: