Սամվել Բալասանյանն արդեն սկսել է իր նախընտրական հանդիպումներն ընտրողների հետ, PR «կամպանիան»՝ գարեջրագործների ջանքերով եւ ակտիվ մասնակցությամբ, արդեն աշխատում է:
Առաջին հանդիպումը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ էր: ԲՀԿ-ից առաջադրված եւ ՀՀԿ վստահությունն ու հովանավորությունը վայելող Սամվել Բալասանյանը շուրջբոլորը համոզում է, որ սա ոչ թե նախընտրական արշավ է, այլ փորձում է իր ծրագիրը գրել այնպես, որ hասարակության բոլոր շերտերն ունենան իրենց տեսակետն ու հստակ պահանջներ առաջադրեն: Հարկ է նշել, սակայն, որ շատ ՀԿ-ներ մերժել էին հրավերը՝ չհասկանալով Բալասանյանի տրամաբանությունը, թե այդ ինչու է նա որոշել իրենց էլ ընդգրկել իր խաղի մեջ:
Ուշագրավ են այդ հանդիպումների ժամանակ Բալասանյանի արտաբերած մտքերը: ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա ոչ թե հստակ ծրագրերից խոսեց, այլ նախընտրական ելույթ ունեցավ: Հայտարարեց, որ Գյումրիին նայելու է «տնական» աչքով, փոխելու է քաղաքի ինչպես արտաքին տեսքն ու կառուցապատումը, այնպես էլ բարոյահոգեբանական մթնոլորտն ու քաղաքապետարանի աշխատաոճը:
«Մարդը պետք է տեսած լինի: Եթե մարդը տեսած չէ եւ ինչ-որ բան է տեսնում ու փառքին չի դիմանում, արմատներից կտրվում է: Բարձրանում է վերեւ եւ սկսում է վերեւից նայել հասարակությանը՝ մտածելով, որ ինքն ավելի խելացի է հասարակությունից, հասել է էնպիսի բարձունքների, որ կարող է ասել՝ ես քո տերն եմ, հասարակությո՛ւն: Չկա էդպիսի բան»,-հայտարարեց Բալասանյանը: Սրանով նա ուզում էր հասկացնել, որ ինքը հասցրել է տեսնել եւ հիմա գալու է ոչ թե իշխելու, այլ նորմալ կառավարելու: Միայն թե այդ ամենն ասում է այնպիսի բարձունքից, կարծես շարքային քաղաքացիները պետք է շնորհակալ լինեն, որ շնորհ է արել իր թեկնածությունն առաջադրելու:
Հ.Գ. Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ այս պահին, քանի դեռ, այսպես ասած, քաղաքային իշխանափոխություն չի եղել, Գյումրու քաղաքապետարանում փորձում են թաքցնել Վարդան Ղուկասյանի 13 աշխատանքային տարիների արդյունքում մնացած աղաղակող «կեղտերը»: Հիմա քաղաքապետարանի անգամ մեկ թղթի տակ հազար բացեր կարելի է գտնել, եւ այս կարճ ժամանակահատվածում փորձում են հնարավորինս պարտակել: Այլապես դրանք վաղը ոչ թե նորընտիր, այլ նշանակված քաղաքապետի ձեռքում դառնալու են լուրջ կոմպրոմատներ՝ Ղուկասյանին եւ նրա թիմին քաղաքապետարանից հնարավորինս հեռու պահելու համար: Թեեւ ակնհայտ է, որ ղուկասյանական թեւը հենց այնպես չի հրաժարվելու քաղաքում ունեցած որոշակի լծակներից: Այն ամեն գնով փորձելու են պահպանել: Այնպես որ, այս տրամաբանությամբ չի բացառվում, որ մոտ ապագայում ականատեսը լինենք կա՛մ Գյումրու քաղաքապետարանի շենքի, կա՛մ առնվազն քաղաքապետարանի արխիվի «պատահական» հրդեհի:
«ՏԵՍԱԾ ՄԱՐԴՈՒ» ՄՏՔԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ