ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐԱԳԱՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ իշխանական եռյակին գլխատելով ոչնչացնելուց հետո փաստացի այլեւս ոչինչ չի խանգարում Սերժ Սարգսյանին՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկը հայտարարելու համար:

Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը դեռեւս ամիսներ առաջ հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ իր դիրքորոշումը կներկայացնի այս տարվա փետրվար-մարտ ամիսներին: Նախկինում ենթադրվում էր, որ Սերժ Սարգսյանը հնարավորինս ժամանակ կձգի, որպեսզի մինչ այդ փորձի ոչ իշխանական եռյակին, իսկ ավելի կոնկրետ՝ ԲՀԿ-ին համոզել, որ վերջիններս առնվազն չընդդիմանան սահմանադրական փոփոխություններին: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ընդամենը մեկ շաբաթ տեւած քաղաքական զարգացումների արդյունքում ոչ իշխանական եռյակը, ասել է թե՝ նաեւ սահմանադրական փոփոխությունների հիմնական խոչընդոտը, վերացավ:
Ավելին՝ այսօր արդեն ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը մշակելու նպատակով ձեւավորված հանձնաժողովի անդամները ներկայումս զբաղված են սահմանադրական փոփոխությունների բուն տեքստի մշակմամբ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ, առանց Սերժ Սարգսյանի տեսակետը ճշտելու, ինչպես կարող են նախագծի վրա աշխատել: Նախ բացառված չէ, որ հանձնաժողովի առանձին անդամներին Սերժ Սարգսյանն արդեն իսկ կարող է տեղեկացրած լինել իր` դեռեւս չհրապարակված որոշման մասին եւ նրանց համապատասխան հանձնարարականներ տված լինի:
Մյուս կողմից էլ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հետ կապված Սերժ Սարգսյանի` չճշտված մոտեցումը վերաբերում է կառավարման համակարգի խնդրին՝ արդյո՞ք Հայաստանը պետք է շարունակի կիսանախագահական երկիր լինել, թե պետք է դառնա խորհրդարանական հանրապետություն, որտեղ գործադիր մարմնի ղեկավարը վարչապետն է: Կառավարման համակարգին վերաբերող սահմանադրական փոփոխություններն ընդհանուր տեքստի նույնիսկ մեկ երրորդն էլ չեն կազմում: Այսինքն՝ հանձնաժողովի անդամները կարող են նաեւ առանց Սերժ Սարգսյանի կարծիքը ճշտելու սկսել տեքստի` կառավարման համակարգին չվերաբերող մասի վրա աշխատել: Հանձնաժողովի անդամների շտապողականությունը կարող է մեկ բանով պայմանավորված լինել, որպեսզի անհրաժեշտության դեպքում նախագիծը հենց այս` գարնանային նստաշրջանի ընթացքում ներկայացվի խորհրդարանին: Այսպես՝ որպեսզի ԱԺ-ն կարողանա գարնանային նստաշրջանի ընթացքում սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկել, անհրաժեշտ է, որ այն առնվազն ապրիլի վերջին շրջանառության մեջ դրվի: «ԱԺ Կանոնակարգ» օրենքի համաձայն՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ-ն պետք է քննարկի եռամսյա ժամկետում: Նշված ժամկետից առնվազն 40 օրը օրինագիծը շրջանառության մեջ դնելու անհրաժեշտ ժամկետն է: Այսինքն՝ ցանկության դեպքում իշխանությունները կարող են ապրիլի վերջին նախագիծը դնել շրջանառության մեջ, հունիսին այն խորհրդարանում հաստատել եւ ետ վերադարձնել Սերժ Սարգսյանին: Վերջինս էլ 21-օրյա ժամկետում այն պետք է ստորագրի եւ համապատասխան հրամանագրով նշանակի հանրաքվեի օրը:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է նշանակվել համապատասխան հրամանագրի հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 եւ ոչ ուշ, քան 60 օր հետո: Այսինքն՝ եթե իշխանությունները գործընթացները մի փոքր արագացնեն, ապա ցանկության դեպքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող են անցկացնել սեպտեմբերին: Իսկ դրանից շուտ անցկացնելու համար իշխանություններն արդեն պետք է արհեստական շտապողականություն դրսեւորեն, ինչը տվյալ դեպքում կլինի չարդարացված: Ի սկզբանե Հայաստանի իշխանությունները ծրագրել են, որ սահմանադրական փոփոխությունները պետք է տեղի ունենան 2016 թվականի գարնանը: Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին Սերժ Սարգսյանի հրամանագիրը հենց վերը նշված տրամաբանությամբ է կազմված, քանի որ նախագծի մշակման համար այն տասը ամիս ժամկետ է նախատեսում հայեցակարգի հաստատումից հետո:
Ներկայումս քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունները հնարավորություն ունեն սահմանադրական փոփոխություններն անցկացնել` կեղծման համակարգը համեմատաբար քիչ օգտագործելով: Ուստի բացառված չէ, որ Սերժ Սարգսյանը կնախընտրի հենց արագացված տարբերակը: Ի դեպ,ոչ ոք չի կարող ասել, թե, ասենք, 2016-ին Հայաստանի քաղաքական դաշտն ինչպիսի տեսք կունենա, եւ արդյոք իրավիճակն ավելի բարեհաճ կլինի սահմանադրական փոփոխություններն անցկացնելու համար: Համենայնդեպս, այսօր արդեն կուլիսային խոսակցություններ են պտտվում, որ մի շարք ուժեր, անկախ ԲՀԿ նախագահի նահանջից, այնուամենայնիվ, սահմանադրական փոփոխությունների դեմ կաշխատեն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԵԹԵ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԳԱ
Նախօրեին՝ ԱԺ հայտարարությունների ժամին, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը հայտարարել էր, թե. «Ասում են՝ ԲՀԿ-ում լինելու են ընտրություններ: Ես նույնիսկ կին գիտեմ, որն ունի բոլոր արժեքները՝ ղեկավարելու այս կուսակցությունը»: Երեկ պատգամավորը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե այդ կինը Քիմ Քարդաշյանն է:
-Պարո՛ն Մարտիրոսյան, խոսել ե՞ք Քարդաշյանի հետ, նա համաձա՞յն է:
-Դեռ չեմ խոսել:
-Իսկ ինչո՞ւ եք փորձում անլրջացնել ԲՀԿ ղեկավարի պաշտոնը:
-Ինչու է անլուրջ, ես կուսակցությունս կփոխեմ ու կգնամ «Բարգավաճ Հայաստան», եթե Քիմ Քարդաշյանը ղեկավարի կուսակցությունը: Բայց վատ թեկնածո՞ւ է:
-Դու՞ք եք ԲՀԿ ղեկավարի թեկնածուի առաջադրողը:
-Ես չեմ ընտրողը, ես կարծիք եմ արտահայտել, որ երիտասարդ կադրեր կան, որոնք կարող են ասպարեզ դուրս գալ ու իրենց արժանիքներով չեն զիջում եղած մեր առաջնորդներին: Ժամանակն է, որ երիտասարդ կադրերն առաջ գնան:
-Իսկ ինչո՞ւ եք դուք անհանգստացած ԲՀԿ առաջնորդի պաշտոնի համար, ինչո՞ւ եք որոշել այդ հարցում «աջակցել» նրանց:
-Ասում են, որ իրենց մոտ ղեկավարի փոփոխություն է լինելու, եթե լինելու է, լավ կլինի, որ նոր կադրեր ի հայտ գան:

 

ՀՅԴ-Ն ԳՆՈՒՄ Է ԱՐՑԱԽ
Փետրվարի 27-ին ՀՅԴ բյուրոյի եւ գերագույն մամինի անդամները մեկնելու են Արցախ, որտեղ պետք է հանդիպեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արցախ կմեկնի ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների ուղեկցությամբ: Ըստ մեր տեղեկությունների՝ այցի հիմնական նպատակն այն է, որ ցույց տան, թե կուսակցությունը նախկինի պես Արցախում մեծ աջակցություն ունի: Ինչպես հայտնի է՝ վերջերս Արցախում մի խումբ ՀՅԴ-ականներ լքեցին կուսակցության շարքերը, բացի այդ՝ օր օրի ավելանում է նաեւ դժգոհությունը՝ կուսակցության վարած քաղաքական գծի հետ կապված: Ուստի ՀՅԴ ղեկավարությունը որոշել է գնալ Արցախ եւ տեղում պարզել, թե որոնք են դժգոհությունների պատճառները:

 

ՄԻ «ՄՈՒՇՏԻ» Է ՏՎԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ փետրվարի 24-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում տեղի ունեցած դատավարության կողմերի հարազատներն իրենց հարաբերությունները որոշել են բռունցքներով պարզել: Մասնավորապես, Ալավերդու բնակիչներ ոմն Անդրանիկը եւ Արման Հակոբյանը դատարանի շենքի մոտ սկսել են վիճել, ինչի արդյունքում Արման Հակոբյանը գլխով հարվածել է մյուս կողմի ճակատին: Անդրանիկին ճակատի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց, սակայն վերջինս հիվանդանոցում ասել է՝ չգիտի, թե ինչպես է ճակատի շրջանում վնասվածք ստացել, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է վիճաբանության արդյունքում:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՆԵՐԿԱ ԿԳՏՆՎԵՆ
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների դիմումը՝ նշանակված փորձաքննություններին մասնակցելու վերաբերյալ։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը եւ Արայիկ Զալյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել են դիմումներ, որոնք օրենքով սահմանված կարգով քննարկվել են, իսկ արդյունքների մասին՝ գրավոր ծանուցվել։ Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները խնդրել են հնարավորություն ընձեռել՝ մասնակցելու նշանակված փորձաքննություններին: Քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավարը բավարարել է փորձաքննություններին ներկա գտնվելու վերաբերյալ դիմումը։

 

ՈՉ ՄԻ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հարցին` կապված ադրբեջանական դիվերսանտներին վերադարձնելու՝ ԱՄՆ միջնորդության հետ, ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանն ասել է. «Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, թե ինչպես են հերոսացնում ու ընդունում մարդասպաններին Ադրբեջանում, ինչպես եղավ Սաֆարովի հետ, որը միակ դեպքը չէր: Բնական է, որ քաղաքակիրթ աշխարհը խոսում է մարդասիրությունից, բայց ի՞նչ մարդասիրության մասին կարող ենք խոսել Ադրբեջանի պարագայում: Ինչ մարդասիրությամբ էին առաջնորդվում Բաքվում, երբ մերժեցին Մինսկի խմբի, Կարմիր խաչի, ԵԱՀԿ-ի կոչերը՝ պայմաններ ստեղծվեն, որ տեղահանվեն ուղղաթիռի անկման վայրից անձնակազմի աճյունները»: Նախարարը նաեւ հերքել է ադրբեջանցիների տարածած այն լուրերը, թե եռանախագահներն այդ հարցը բարձրացրել են այստեղ՝ հանդիպման ժամանակ:

 

ԳՐԻԳՈՐԻՉԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ
ԱԺ նախագահ Գ. Սահակյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ փուլում է գտնվում Գ. Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը, երեկ ասել է. «Եթե ցանկություններով առաջնորդվենք, ես չեմ ցանկանում նման նախադեպեր ստեղծել, որովհետեւ իրավական տեսակետից լրիվ հիմնավորումները կան, բայց լրացուցիչ պատճառաբանությունների եմ սպասում, այդ պատճառով պարոն Ծառուկյանին նամակ եմ ուղարկել, որպեսզի հիմնավոր պատասխանի»: ԱԺ խոսնակը նշել է, որ դեռ կսպասի Գ. Ծառուկյանի պատասխանին, քանի որ շտապելու տեղ չունի:




Լրահոս