ԲՀԿ 5-րդ համագումարի կեսից Սերժ Սարգսյանը Գալուստ Սահակյանի հետ լքեց Մարզահամերգային համալիրը: Մինչ այդ, մոտ քառասուն րոպեի չափ նստեց Գագիկ Ծառուկյանի կողքին` ամբողջ ընթացքում փոխադարձաբար մեկ-երկու բառ փոխանակելով, պարտադրված դիտեց ԲՀԿ-ի «կլիպը», ծանոթացավ կուսակցության Մանդատային ու Խմբագրական հանձնաժողովների վերընտրության արդյունքներին:Բավականին սառն ընդունելություն ցույց տված դահլիճն այնպիսի իրավիճակ ստեղծեց, որ բոլորի հետ Սերժ Սարգսյանն էլ ստիպված էր ոտքի կանգնել ամբիոնից ելույթ ունեցող ԲՀԿ առաջնորդին ողջունելու համար: Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո, երբ ակնհայտ էր, որ կոալիցիան այս կազմով դեռ մի քիչ էլ կգոյատեւի եւ որ չի հայտարարվի հաջորդ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին, վերջինս հեռացավ: Գագիկ Ծառուկյանը նրան ինչ-որ հատված ուղեկցեց: Թե մինչեւ ուր` անհայտ մնաց, քանի որ անվտանգության աշխատակիցներն այդ ընթացքում փակել էին դահլիճի ելքերը: Մյուս հրավիրյալները` ՀՅԴ Բյուրոյի եւ ԳՄ ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը, «ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանը եւ ՕԵԿ-ից Խաչիկ Հարությունյանը, ով ԱԺ գյուղատնտեսության հանձնաժողովի անդամ է, մնացին մինչեւ վերջ: Համագումարին ներկա չէին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը եւ անգամ Հեղինե Բիշարյանը, որը փետրվարի 12-ի նախորդ օրը խորհրդարանում անսովոր ոգեւորվածության մեջ գոռում էր. «ՕԵԿ-ը հզորանում է, ՕԵԿ-ը հզորանալու է»: «Օրինաց երկրի» մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը «Ռեգնումին» տված հարցազրույցում ասել է, որ Արթուր Բաղդասարյանը ԲՀԿ համագումարին ներկա չի գտնվել առանց որեւէ լուրջ պատճառի: Սուսաննա Աբրահամյանը ավելացրել է, թե քանի որ Խաչիկ Հարությունյանը պատասխանատու դիրք է զբաղեցնում, կուսակցությունում գտել էին, որ հենց նա պետք է գնա համագումար: Ներկայության ողջ ընթացքում դեմքի անդրդվելի արտահայտություն ունեցող Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի մասին պատմող երաժշտականացված տասահոլովակի այն հատվածում, երբ մոնիտորներից ցուցադրվող հարթակից ԲՀԿ առաջնորդը կիսապառկեց` դեպի իրեն ձգվող տատիկի գլուխը համբուրելու համար, մեկ րոպեի չափ ուշադիր զննում էր համագումարի դահլիճի առաստաղը: 20-25 րոպեանոց տեսահոլովակի հիմնական մեսիջները. Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ժողովրդի հետ, Գագիկ Ծառուկյանը եկեղեցի է «բացում», Գագիկ Ծառուկյանը մարզիկների հետ, Գագիկ Ծառուկյանը` կոնյակի գործարանում ու գործարար համաժողովում: Մոսկվա, Կրեմլ, Պուտին, Մեդվեդեւ. այս բազմանշանակ կադրերից հետո արդեն ձեռքսեղմումներ ու գրկախառնություններ` «բատկայի», Խորվաթիայի ու Սլովենիայի նախագահների հետ: «Ժը՞», «Ժողովուրդ»,-.-երբ Գագիկ Ծառուկյանը որոշ պաուզաներով կարդում էր Սերժ Սարգսյանի ներկայությամբ ունեցած ելույթը, դահլիճը ամեն անգամ քարանում էր: Ասաց, որ համագումարին նախորդած երկու տարիները մեր պետության համար ներքին մարտահրավերներին դիմակայելու ժամանակաշրջան էր, կառավարությունը կանգնած էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի աղետալի հետեւանքները հաղթահարելու ու այլ մարտահրավերների առաջ: Նշեց, որ կոալիցիոն աշխատանքում գործընկերների հետ եղել են տարաձայնություններ։ Արդեն վերընտրվելուց հետո ԲՀԿ առաջնորդն արեց չխոստացված անակնկալը` ասելով. «Եթե ինչ-որ պահի պարոն Գագիկ Ծառուկյանը զգա, որ չի կարողանում արդարացնել. իր կուսակցությունը, ուրեմն արտահերթ համագումար կանի եւ դուրս կգա: Ես դրանից կառչված չեմ »,- դժվար է ասել` մեսիջը արդեն դահլիճում ներկա չգտնվող Սերժ Սարգսյանին էր ուղղված, վերաբերո՞ւմ էր կոալցիայից դուրս գալուն, թե՞ նրան, որ իր հրաժարականից հետո կուսակցությունը կանցնի Ռոբերտ Քոչարյանին: Ասաց նաեւ` «մարդիկ դառնում են ընդդիմություն, երբ որ լիարժեք չեն գնահատվում», «երբ մարդիկ իրենց պաշտպանված չեն զգում կամ անտեսված են զգում»: ԲՀԿ-ն վստահ է իր ուժերին, պատրաստ է քաղաքակիրթ պայքարին, ազատ մրցակցությանը,- այս միտքը Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ կրկնեց. «Դաշտը պետք է հավասար լինի բոլորի համար, որ բոլորը մասնակցեն տարբեր տեսակի մրցույթներին»: Մեկ-երկու մեսիջ էլ հնչեց այդ օրը դահլիճում լարված-քարացած դեմքերով նստած ԲՀԿ-ական կուսակտիվի համար. «Ինչ-որ սեփական շահերի համար դուք կարող ա իր փոխարեն պատահի ամաչեք կամ ժողովուրդը ամաչի: Մենք երբեք ու երբեք մեր գլուխը չենք կարա կախել, մենք արժանապատիվ ինչ-որ սկսել ենք, մեր աշխատանքը անելու ենք: Անկախ նրանից` մարդիկ ոնց կմտածեն, ինչ կանեն»: Եվ վերջապես` 50 կգ բարձրացնողը 200 կիլոգրամանոց բեռի տակ չի մտնի, եթե դրանից պետք է տուժի 3 միլիոն մարդ: Այնուամենայնիվ, քանի որ այս կազմով կոալիցիան դեռ շարունակում է իր գոյությունը` գնալով փոխզիջումների, ինչպես եւ նախապես գրել էինք, որոշվել է ստեղծված զավեշտի ողջ մեղքը բարդել «պատվեր կատարող» լրատվամիջոցների վրա, որոնք Ծառուկյանի խոսքով՝ չգիտեմ ինչեր գրելով «կոալիցիային անտեղի ասենք թե շեղում են»: Արդեն համագումարի նախօրեին, երբ գրել էինք, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, որոշվել էր շրջանառությունից հանել ըստ էության կոալիցիոն նոր հուշագիրը: Պատճառն այն է, որ այն առաջին հերթին անհարմար դրության մեջ է դնում ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին: Դրա համար էլ Գալուստ Սահակյանը ունեցավ ռետրոգրադ, ամնեզիա եւ թեման փակվեց: Վերջում արձանագրենք, որ համագումարով Սերժ Սարգսյանը պարտված դուրս եկավ. առջեւում Գագիկ Ծառուկյանն է` 1:0ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՆՎԱՍՏԱՑՐԵՑԻՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ