«ԵՍ ԻՆՉԻ՞ ՀԱՍԱ, ՈՐ ԵՐԵԽԱՍ ՀԱՍՆԻ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, երգահան Արման Էլբերտը երկար ժամանակ դադար վերցնելուց հետո վերջերս հանդիսատեսին ներկայացավ նոր ստեղծագործությամբ: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր լռության պատճառների մասին, ասել է, թե ինչու է տաղանդավոր երաժիշտներին խորհուրդ տալիս երկրից դուրս ծավալել իրենց գործունեությունը: Արման Էլբերտը խոսել է նաեւ անձնական կյանքից եւ նշել, որ չի «նեղվում» համարձակ կին ունենալուց:

-Արմա՛ն, տեւական դադարից հետո հանդիսատեսին ներկայացաք նոր «Պատրանք» անունը կրող երգով: Գիտենք, որ այդ քայլին գնացել եք ընկերների խնդրանքով եւ ինքներդ շատ շահագրգռված չէիք տարիների լռությունը խախտելու, ինչո՞ւ:
-Իմաստ չեմ տեսնում, այդ լռությունը խախտելը հեռանկարային չեմ համարում: Տեսահոլովակ նկարահանելու միտք մոտս սովորաբար չի ծագում, քանի որ այսօր գնահատվում է մի տեսակի երաժշտություն, որն ինձ հոգեհարազատ չէ: Ինքս էլ բնավորությամբ այնպիսին եմ, որ եթերներից կախված լինելու ցանկություն չունեմ: Թող հանկարծ տպավորություն չստեղծվի, թե բողոքում եմ… Պարզապես հիմա լուրջ աշխատանքներ են տարվում ժողովրդի ինտելեկտուալ մակարդակը գցելու ուղղությամբ: Անընդմեջ խոսում են ժողովրդի պահանջարկից: Ոչ մի նման պահանջարկ էլ չկա. դաստիարակչական աշխատանք են տանում` ազգը դեգրադացնելու նպատակով: Առողջ պրոդուկտ պահանջող բանակն էլ նոսր է:
-Ովքե՞ր են դեգրադացնողները:
-«Թափով», լուրջ պարտադրողներ կան, չգիտեմ, թե դա որ կողմից է կառավարվում: Սա արվեստի բոլոր ճյուղերին է վերաբերում: Օրինակ` իշխանություններին կարելի է մեղադրել այնքանով, որ նրանք չեն հետեւել այդ գործընթացին, որպեսզի այս օրին չհասնեինք:
-Ինչպե՞ս ստացվեց, որ ձայնային լավ տվյալները օգնության չհասան Ձեզ, շատերի պես Դուք էլ դուրս մղվեցիք դաշտից: Գուցե դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ժամանակին երաժշտական ասպարեզում ի հայտ եկան մարդիկ, ովքեր ամեն կերպ դռները փակեցին որոշ երգիչների առջեւ, այդ թվում Ձեր կնոջ` Արփինե Բեկջանյանի:
-Դե, այո, ընթացքում նմանատիպ խնդիրների բախվել եմ, եղել է, որ մեր բնագավառի որոշ մարդկանց ճանապարհ չեն տվել, չեն օգնել ինչ-ինչ հարցերում: Նման խնդրի առջեւ կանգնել է ոչ միայն Արփինեն, այլեւ, օրինակ, Լիլիթ Կարապետյանը ու էլի շատերը: Անկեղծ ասած` շատ խորը չեմ նայել այդ ամենին, երբեւիցե լուրջ չեմ ընդունել եւ ծանր չեմ տարել: Սա այն երկիրը չէ, որ պետք է մտածեի, թե ինչ եմ կորցնում…
-Ի դեպ, լսել ենք, որ տաղանդավոր սկսնակ երաժիշտներին խորհուրդ եք տալիս երկրից դուրս ծավալել իրենց գործունեությունը, ինչո՞ւ:
-Հեռու չգնանք. իմ աղջիկը, օրինակ, շատ տաղանդավոր է, լավ երգում է, ականջալուր է իմ կարծիքին, բայց ես իր հետ չեմ աշխատում, մտածում եմ` այս երկրում ես ինչի հասա, որ երեխաս հասնի… Ու ամեն անգամ տաղանդավոր երեխաներ տեսնելիս ե՛ւ ուրախանում եմ, ե՛ւ մտածում, թե այստեղ նա ինչ է անելու, ինչ ապագա է ունենալու:
-Դուք երաժշտություն եք գրել մի շարք ֆիլմերի համար. այդ կերպ հնարավո՞ր է նորմալ վաստակել:
-Հնարավոր է, բայց ոչ թե այստեղ, այլ դրսում: Եթե ներսում հայ կա, նա արդեն առնում է գործը, չի թողնում, որ ամեն բան իր բնականոն հունով գնա (ծիծաղում է):
-Արմա՛ն, Ձեր կինը` երգչուհի Արփինե Բեկջանյանը, իր էությամբ ազատ կին է թե՛ բեմում, թե՛ դրանից դուրս: Դժվար չէ՞ համարձակ կին ունենալը:
-Չէ, ես չեմ «նեղվում» (ծիծաղում է): Երբեմն լինում է, որ նրան դիտողություններ եմ անում, խորհուրդ եմ տալիս, օրինակ, որոշ հարցերի շուրջ չարտահայտվել, փոխարենը` գործել: Իսկ այն, որ նա ազատ մարդ է, դա նորմալ է, կյանքն իրենն է:
-Իսկ երբեւէ միասին դուետով հանդես գալու մտադրություն ունեցե՞լ եք:
-Այո՛, մտածել ենք, նույնիսկ մեկ անգամ փորձել ենք նման մի բան անել, սակայն գործը կիսատ է մնացել: Հիմա ավելի շատ հակված ենք նրան, որ Արփինեն միայնակ հանդես գա: Իսկ ընթացքում միասին կներկայանանք, թե ոչ, ցույց կտա ժամանակը:

 

 

 

 
ՋՈՒՍԻ ԿՈՉԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

«Մահացել է Նազենի Հովհաննիսյանը», «Ավտովթարի է ենթարկվել Ջուսը». վերջին շրջանում համացանցում կարելի է հանդիպել նման շոկային վերնագրերով հրապարակումների ինչ-որ անհայտ դոմեյններով կայքերում, տարածված անհայտ պրոֆիլներից: Կեղծ տեղեկատվություն տարածողները, որոնց թիրախում հայտնի անձիք են, անշուշտ, դիտումներ ապահովելու նպատակ ունեն: Զարմանալի չէ, որ այս հանգամանքը առաջ բերեց մի շարք հանրային դեմքերի վրդովմունքը, եւ ոմանք սոցցանցերի իրենց էջերում կոչ արեցին բոյկոտել տվյալ էջերն ու խմբերը:

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե քանի օգտատեր պետք է բողոքարկի, օրինակ, «Ֆեյսբուքին», որպեսզի վերջինս արգելափակի տվյալ կեղծ պրոֆիլը կամ խումբը, պարզաբանեց. «Ֆեյսբուքը երբեք չի բացահայտում, թե ինչպես է գործում այդ բողոքարկման համակարգը: Բայց որքան շատ մարդ բողոքարկի, այնքան մեծ է հավանականությունը, որ այս կամ այն կայքը կարգելափակվի»:
Խնդրին անդրադառնալով իրավական տեսանկյունից` փորձագետը նշեց, որ կեղծ տեղեկատվություն տարածողներին դատական պատասխանատվության ենթարկել հնարավոր է. «Հարցն այն է, թե ոստիկանությունը կկարողանա՞ արդյոք բացահայտել տվյալները: Դրա տեսական հնարավորությունը կա, սակայն գործնականում դեռ որեւէ նախադեպ չենք ունեցել»,-նկատեց Ս. Մարտիրոսյանը:
«Ֆեյքեր»-ի թիրախում հայտնված երգչուհի Ջուսը մեզ հետ զրույցում նշեց, որ շատ է հանդիպել նման դեպքերի. «Պետք է համապատասխան օրենք մշակել, որպեսզի տվյալ անձինք պատժվեն: Թե չէ հիմա ով ինչ ուզում, անում է: Ինքս կոչ եմ անում մեր պատգամավորներին այս հարցը բարձրացնել եւ ելքեր փնտրել: Եթե անգամ կեղծարարները չդատվեն, նրանք պետք է տուգանվեն»,-ընդգծեց երգչուհին:
Սամվել Մարտիրոսյանն էլ նկատեց, որ եթե հայտնիները հետեւողական գտնվեն եւ համախմբվեն, կա հավանականություն, որ կհասնեն արդյունքի. «Պարզապես վերջնական պատասխան կարող է տալ ոստիկանությունը, քանի որ նման թեմաներին առնչվում է իրենց կիբեր հանցագործությունների բաժինը»,- եզրափակեց նա` հավելելով, որ աստղերը դեռեւս չեն դիմում իրավական միջամտության, քանի որ նրանց համբերության բաժակը դեռ չի լցվել:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

 

ԱՆՀԱՅՏ  ՊԱՏՃԱՌՈՎ
«Առավոտ» օրաթերթը գրել էր, որ ճանաչված դերասաններ, ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանն ու Տիգրան Ներսիսյանը հեռանում են Հայաստանի թատերական գործիչների միությունից: Վերջիններս շնորհակալություն են հայտնել 20 տարիների ընթացքում միությունը ղեկավարած երկու նախագահներին ու նրանց շուրջ համախմբված աշխատակազմին: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց դերասանների հետ` պարզելու, թե որն է միությունից հեռանալու պատճառը: Սակայն Նելլի Խերանյանը չցանկացավ առհասարակ մեկնաբանություն տալ, իսկ Տիգրան Ներսիսյանն էլ միայն նշեց. «Պատճառները շատ տարբեր են, սա համակարգված բան է, այնպես չէ, որ պատճառը մեկն է: Սա պահ է, որը հասունանում է»: Դերասանը խուսափեց այլ մանրամասներ հայտնելուց:

 

ԿՈՄԻՏԱՍ` ՄԱՐԻԻՆՅԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համերգի շրջանակներում հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները: Հանդիսատեսը ջերմ ծափահարություններով է արձագանքել նվագախմբի յուրաքանչյուր կատարմանը: Ապա հնչել են Կարլ Էմանուիլ Բախի ֆլեյտայի եւ լարային նվագախմբի, Սեբաստիան Բախի նվագախմբի եւ դաշնամուրի համար գրած ստեղծագործությունները, Չայկովսկու «Խորհրդածությունները»: Համերգի եզրափակիչ մասում առաջին անգամ հնչել է Գեւորգ Պելեցիսի «Աշուղի ասքը ալտի, դուդուկի եւ լարային նվագախմբի համար» ստեղծագործությունը: Համերգին մասնակցել են Պոլինա Օսետինսկայան (դաշնամուր), Մարիա Ֆեդոտովան (ֆլեյտա), Մաքսիմ Նովիկովը (ալտ), Կարեն Սարգսյանը (դուդուկ) եւ Մարիինյան թատրոնի լարային նվագախումբը` Անտոն Գակելի գլխավորությամբ:

 

ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԶԱՐՄԻԿԸ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը «Heat» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ ազգակցական կապ ունի ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի հետ, իսկ ավելի կոնկրետ` նրա զարմիկն է` 13 պորտով: geni.com ծագումնաբանական կայքի տվյալներով` Քիմ Քարդաշյանի եւ Դեւիդ Քեմերոնի ընդհանուր նախնին ոմն Ուիլյամ Սփենսորն է` ծնված 1555 թվականին: Լրագրողների այն հարցին, թե հետեւում է արդյոք Քարդաշյանի շոուներին, վարչապետը տվել է բացասական պատասխան:




Լրահոս