Ադրբեջանում մեկնարկել է գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանի դատավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Գյանջի (Գանձակ) շրջանի ծանր հանցագործությունների դատարանում մեկնարկել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծը հատած Արսեն Բաղդասարյանի հանդեպ նախապատրաստական դատական նիստը:

Ինչպես հայտնում է ադրբեջանական Kəpəz TV-ն, դատավարությունն անցել է դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ:

Տեղեկացվում է, որ Արսեն Բաղդասարյանը գտնվում է Գյանջի թիվ 2 քննչական առանձնախցում:

Նշվում է, որ նախապատրաստական դատավարության ժամանակ որոշում է ընդունվելու այն մասին, թե կլինի արդյոք դատավարությունը բաց կամ փակ:  Դրանից հետո հայտնի կդառնա, թե արդյոք կկարողանան ԶԼՄ-ները լուսաբանել նշված դատական գործընթացը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմն ավելի վաղ տեղեկություններ էր տարածել, թե իբր դեկտեմբերի 26-ին ադրբեջանական զինուժը կանխել է Աղդամի (Ակնա) ուղղությամբ հայկական հետախուզական խմբի առաջխաղացումը, որի արդյունքում պրոֆեսիոնալ զինվորական Արսեն Էդուարդի Բաղդասարյանը գերեվարվել է: Սակայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հերքել է դիվերսիայի մասին լուրն ու հայտնել, որ պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:




Լրահոս