Նախկին դատախազները դժգոհ են 400 հազար դրամ թոշակից և իրենց նկատմամբ գործողների վերաբերմունքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ այսօր նախկին գլխավոր դատախազներն ու նրանց տեղակալները պետք է անցկացնեին Վետերան դատախազների միության նախագահի ընտրություն: Միությունը զբաղվելու է իր անդամների շահերի պաշտպանությամբ, պատրաստ են իրենց փորձով կիսվել, իրավական խորհրդատվություններ տալ, 300-ից ավել թոշակառու դատախազներին միավորել: Միության այսօրվա ժողովին ներկա էր շուրջ 50 հոգի, այդ թվում` Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, Արամ Ամիրզադյանը, Ժիրայր Խառատյանը և այլք: Անդրանիկ Միրզոյանը, թեև դիմադրում էր, այդուհանդերձ ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվեց վերահսկող հանձնաժողովի անդամ:

Գրողների միության շենքում կազմակերպված ժողովի ժամանակ վետերան դատախազները (ովքեր արդեն դատախազական համակարգում չեն աշխատում, թոշակի են անցել) միաձայն նախագահ ընտրեցին միակ թեկնածու Էդուրադ Բաբայանին և նախագահի երկու տեղակալի:

Նշենք, որ նախագահի պաշտոնի համար նախապես առաջադրվել էր 4 թեկնածու, սակայն 3-ն ինքնաբացարկ ներկայացրին` ասելով, որ իրենց տեղը զիջում են Էդուարդ Բաբայանին: Վերջինս, նրանց խոսքով, նպատակասլաց, հեռատես և աշխատասեր մարդ է և կարող է իրենց բոլոր ծրագրերն ի կատար ածել: Վետերան դատախազները միաձայն ընտրեցին 10 հոգուց բաղկացած խորհրդին, երեք հոգուց բաղկացած վերահսկող հանձնաժողովին:

Հիշեցնենք, որ aravot.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դատախազության շենքի նիստերի դահլիճը չի տրամադրել վետերան դատախազներին` ընտրություն անցկացնելու համար: Ըստ այդմ, նախկին դատախազները, վրդովված լինելով Գ. Կոստանյանից, դիմել են մի շարք վայրեր, որպեսզի նրանց դահլիճ հատկացնեն: Եվ ահա, Հայաստանի գրողների միությունն է օգնել՝  դահլիճ տրամադրելով:

Սակայն «Ժողովուրդ»-ին Գլխավոր դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. «ՀՀ «Դատախազության համակարգի վետերաններ» կազմակերպությունը դահլիճ տրամադրելու հարցով ՀՀ դատախազություն չի դիմել, վերոնշյալ կազմակերպությունից հասցեագրված միակ գրությունը եղել է հետևյալը՝ «Հարգարժա՛ն Գևորգ Սուրենի, 2015թ. ապրիլի 3-ին կայանալու է ՀՀ «Դատախազության համակարգի վետերաններ» իրավապաշտպան ՀԿ-ի հաշվետու վերընտրական ժողովը, ցանկալի է Ձեր, ինչպես նաեւ դատախազության աշխատակիցների մասնակցությունը: Ժողովը տեղի կունենա ապրիլի 3-ին` ժամը 16:00-ին, Խնկո Ապոր անվան գրադարանի դահլիճում»:

Armlur.am-ի հետ զրույցում կազմակերպության նորընտիր նախագահ Էդուարդ Բաբայանը հայտնեց, որ գործող գլխավոր դատախազին ինքը չի դիմել և տեղյակ չի եղել` ինչ նամակ է ուղղվել նրան. «Իրենք են գրել, ես չեմ գրել: Ես էլ կարդացի ու տեսա, որ տեղի խնդիր չի եղել: Իրենք ընդամենը հրավեր են ուղարկել: Բայց այսօրվա ժողովին նրանք հայտնեցին, որ գնացել են, զանգել են, խնդրել են ու մերժում են ստացել: Տեղի համար միայն բանավոր են դիմել»:

Ի դեպ, նշենք, որ նախկին դատախազները ստանում են 400-600 հազար դրամ կենսաթոշակ, ինչը, այսօրվա ելույթներից պարզ դարձավ, բողոքի տեղիք է տվել: Ելույթ ունեցողները նշեցին, որ նոր ընդունված օրենքը ոտնահարում է իրենց իրավունքները, և իրենք պատրաստվում են բողոքել կենսաթոշակը բարձրացնելու նպատակով:

Նկատենք, որ թեև Վետերան դատախազների միությունն արդեն գործում է շուրջ 7 տարի, սակայն այսօրվա հավաքից պարզ դարձավ, որ նրանց գործունեությամբ հետաքրքրված չեն ո´չ դատախազների նախկին գործընկերները, ո´չ ԶԼՄ-ները:




Լրահոս