Ապրիլի 10-ին Աժ ճեպազրույցների ընթացքում ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, թե ՕԵԿ գրասենյակներում կտրուկ ավելացել է կուսակցությանն անդամագրվելու դիմումների թիվը: «Այո, մեր գրասենյակներում ընդունելության գործընթացն իրականացել է այդ օրերին եւ ավելի ակտիվ է եղել, քան նախկինում: Ես տեղեկություններ չունեմ, թե ով ինչ է ասում, կամ ով ում է զանգում, բայց որ մեր գրասենյակներում ակտիվություն կա, ես դա հաստատում եմ»: Հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ նախկին անդամներ, այդ թվում` պատգամավորներ, դիմել են, ՕԵԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «ԲՀԿ անդամներ դիմել են, իսկ ինչ վերաբերում է պատգամավորներին, ամեն խոսակցություն չի, որ հրապարակման ենթակա է»:
Նշենք, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունից հետո մի խումբ ԲՀԿ-ական պատգամավորներ հայտարարեցին, որ իրենք լքում են կուսակցությունը, իսկ երեք հոգի էլ` ԲՀԿ խմբակցությունը՝ Գրիգորի Մարգարյան՝ Բելաջիոյի Գրիշ, Մուշեղ Պետոյան եւ Դավիթ Քոչարյան: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Գրիգորի Մարգարյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք նրանք դիմո՞ւմ են ներկայացրել՝ «Օրինաց երկիր» կուսակցությանն անդամագրվելու համար:
-Պարո՛ն Մարգարյան, ըստ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի՝ ԲՀԿ շարքերը լքածներն իրենց կուսակցությանն անդամակցելու համար դիմում են ներկայացրել: Դուք պատրաստվո՞ւմ եք կրկին ՕԵԿ-ական դառնալ:
-Բացարձակ նման բան գոյություն չունի, Դուք իրենց հարցրեք, թե ինչու են նման հայտարարություններով հանդես գալիս, բայց ես անձամբ գիտեմ, որ պատգամավորներից նման մարդ չկա, որը ՕԵԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել: Գուցե ինֆորմացիային լա՞վ չեմ տիրապետում, ով ինֆորմացիան տարածում է, գուցե իրենք ավելի՞ լավ են տիրապետում իրավիճակին: Կոնկրետ եթե հարցն ինձ է վերաբերում, ես նմանատիպ խնդիր չունեմ, մեկ, իսկ երկրորդն էլ՝ ես կուսակցության անդամ չեմ եղել, որ հիմա ինչ-որ մի կուսակցությունից դուրս գայի ու գնայի այլ կուսակցություն: Ես բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ ես կուսակցության անդամ չեմ ու չեմ էլ պատրաստվում լինել: Իսկ ես կուսակցության անդամ չեմ 2006 թվականից: Դա ինձ չի վերաբերվում, առավել եւս՝ ես մի անգամ ՕԵԿ-ից դուրս եմ եկել: Մի փիլիսոփա ասել է, որ մի ջուրը մի անգամ ես մտնում, իսկ ես այդ ջուրը մի անգամ մտել եմ:
-Իսկ գուցե ԲՀԿ խմբակցության Ձեր նախկին գործընկերներից լինե՞ն մարդիկ, որոնք ցանկանան ՕԵԿ-ական դառնալ:
-Ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, որ կարող է նման բան լինել, որովհետեւ բոլորին ճանաչում եմ: Բայց եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ՕԵԿ-ում նման դիմումներ կան, ես մի անգամ ասել եմ ու միշտ կրկնում եմ, որ անհնարին բան չկա այս կյանքում, ու մեկ էլ ասում են՝ երբեք մի՛ ասա երբեք: Բայց ես չեմ պատկերացնում նմանատիպ բան՝ ճանաչելով բոլորին, ովքեր դուրս են եկել ԲՀԿ-ից:
-Այսինքն՝ քննարկել եք այդ հարցը ԲՀԿ շարքերը «լքածների» հետ…
-Ճիշտն ասած՝ նման քննարկումը ծիծաղելի կլիներ, մենք նման հարց չենք քննարկել: Ես խոստանում եմ Ձեզ, որ ես կուսակցության անդամ չեմ դառնա, ես այսպես ավելի անկախ եմ: Իսկ կուսակցությունը մի օր իր քաղաքականությունը փոխում է:
Սոնա Գրիգորյան