«Հիմնադիր խորհրդարանը» չի մասնակցի` ի պաշտպանություն Ժիրայր Սէֆիլյանի նստացույցին, դա մեր գործելաոճը չէ. Կարո Եղնուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հանրահավաք էին հրավիրել, որի ժամանակ պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը ազատամարտիկներին կոչ արեց երկուշաբթի օրը` ապրիլի 20-ին, միանալ Ազատության հրապարակում կազմակերպվելիք հացադուլ-նստացույցին` ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի և ընկերների:

Սակայն Armlur.am-ի հետ զրույցում ՀԽ անդամ Կարո Եղնուկյանը նշեց, որ հացադուլ կամ նստացույց անելն իրենց գործելաոճը չէ: «Դա հայտարարել էր մի ազատամարտիկ: Նստացույց անելն իր նախաձեռնությունն է, ոչ թե ՀԽ-ի կամ «100-ամյակն առանց ռեժիմի»-ի: Թե ովքեր են միանալու կամ չեն միանալու, մենք տեղյակ չենք»,- ասաց Կ. Եղնուկյանը:

Մեր հստակեցնող հարցին` այսինքն «Հիմնադիր խորհրդարան»-ը չի՞ միանալու այդ նստացույցին կամ հացադուլին, Եղնուկանը պատասխանեց. «Ո´չ, մենք հացադուլին միանալու հարց չունենք: Դա մեր գաղափարը չէ, մեր գործելաոճը չէ:

Ազատամարտիկներն ազատ են անել այն, ինչ ուզում են անել: Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որն օժանդակելու է մեր սկսած պայքարին»,- շեշտեց նա:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամի խոսքով` իրենք հացադուլին դեմ են, և այն ժամանակ, երբ Պավել Մանուկյանը ձերբակալությունից հետո հացադուլ էր հայտարարել, իրենք էին հորդորել դադարեցնել այն: «Մենք Պավել Մանուկյանին հորդորեցինք դադարեցնել հացադուլը, և նա մեզ լսեց: Հացադուլի գործելաոճը կամ մեխանիզմը մենք չենք օգտագործում և չենք քաջալերում: Իսկ նստացույցը ևս մեր գործելաոճի մեջ չի մտնում: Մեր ուղին ապրիլի 24-ին դեպի Էրեբունի թանգարանն է: Դա է մեր ուղին»,- ասաց Կարո Եղնուկյանը:

Վերջինիս խոսքով` ՀԽ-ից եթե անդամներ կլինեն, որ ցանկություն կունենան միանալու այդ նստացույց-հացադուլին, ազատ են իրենց որոշման մեջ. «Դա իրենց անձնական որոշումն է: Բայց որպես կառույց, որպես շարժում` մենք չենք մասնակցում հացադուլներին ու նստացույցներին: Մեր ճանապարհային քարտեզը մեզ ապրիլի 24-ին Էրեբունի թանգարան է տանում: Մենք այնտեղ ենք լինելու»:

Կարո Եղնուկյանը դժվարացավ պատասխանել` ազատամարտիկների հացադուլով Հայաստանում քաղբանտարկյալների թիվը կավելանա, թե՝ ոչ: «Իշխանությունները բազմիցս ցույց են տվել, որ իրենց տրամաբանությունը չի համապատասխանում մարդկային ընդհանուր մոտեցումներին: Եթե մարդկանց բերման են ենթարկում տանը հայտնաբերված խոհանոցային դանակի կամ «պոլի փայտի» համար, դա տրամաբանությունից զուրկ մոտեցում է: Ինչպե՞ս կարելի է կանխատեսել, որ անտրամաբանական իշխանությունները տրամաբանական բան կարող են անել»,- իր խոսքը եզրափակեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամը:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս