Երգիչ Դավիթ Թուջարյանը փոշմանել է, որ հրաժարվել է «Սասունցի Դավիթ» բեմական անվանումից, քանի որ այն, նրա կարծիքով, արդեն տպավորվել էր հանդիսատեսի շրջանում: Երգիչը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ այժմ ինքն իր ջանքերը կենտրոնացրել է ընտանիքի, աշխատանքի եւ պարկեշտ կյանքով ապրելու վրա: Նա խոստովանել է, որ նախկինում շատ առումներով անպարկեշտ կյանքով է ապրել, եւ նշել է, թե ով է իրեն օգնել փոխվել:
-Ինչո՞ւ այլեւս հանդես չեք գալիս «Սասունցի Դավիթ» բեմական անվամբ, փոխելով այն` կարծես թե կտրուկ փոխեցիք նաեւ Ձեր երգացանկը, անցաք 6/8 ձեւաչափի երգերի:
-Նոր ձայնասկավառակ թողարկելու պրոցեսում Սասունցի Դավիթից անցա Դավիթ Թուջարյան անվան, հետո հասկացա, որ այդ կտրուկ անցումը սխալ էր, քանի որ մարդկանց մոտ, ամեն դեպքում, տպավորվել էր հին անունը, եւ ճիշտ կլիներ այն պահպանելը: Այնուամենայնիվ, այսօր ես ներկայանում եմ զուգահեռաբար երկու անվամբ, եւ Սասունցի Դավիթը չի մոռացվել: Ինչ վերաբերում է երաժշտական առումով ոճային փոփոխության գնալուն, ապա՝ այո՛, եկավ մի պահ, երբ ես դիմեցի նման քայլի: Աշխատանքի վայրում` հանդիսությունների շրջանակում, կա լսարան, որը նախընտրում է լսել ազգագրական, ժողովրդական երգեր, կա լսարան, որը գերադասում է 6/8-ը: Ի վերջո, ստացվեց այնպես, որ երգում եմ տարբեր ժանրի երգեր:
-Հետաքրքիր է` ինչո՞ւ էկրաններին նախկին ինտենսիվությամբ չեք երեւում:
-Ժամանակին էր, որ ունեի առաջ գնալու մեծ ցանկություն եւ այլն… Այժմ շեշտը դրա վրա չեմ դրել. ավելի շատ մտածում եմ ընտանիքիս, աշխատանքիս եւ պարկեշտ կյանքով ապրելու մասին:
-Նախկինում ինչ-որ առումով անպարկեշտ կյանքո՞վ եք ապրել:
-Շատ առումներով եմ անպարկեշտ կյանքով ապրել, ինչո՞ւ ինչ-որ առումով: Ով որ մեղավոր բնություն ունի իր մեջ, նա անպարկեշտ է ապրում, եթե չի ապաշխարել:
-Ի դեպ, Ձեր ընկերները, Ձեր շրջապատի մարդիկ վկայում են, որ Դուք «հարյուր ութսուն աստիճանով փոխվել եք»: Ի՞նչը կամ ո՞վ է Ձեզ փոխել:
-Հիսուսն է ինձ փոխել:
-Դուք Հայ Առաքելական եկեղեցո՞ւ հետեւորդ եք:
-Ես Քրիստոսի հետեւորդն եմ, ինքս թե՛ Առաքելական, թե՛ այլ եկեղեցիներում նկատել եմ ուսմունքներ ու վարդապետություններ, որոնք վերցված չեն Սուրբ Գրքից, շատ քահանաների ու վարդապետների հանդիպելուց հետո նկատեցի, որ շատերը Աստվածաշնչի խոսքը ճշմարիտ չեն մեկնում, եւ իմ մեծ փափագն է տիրոջ խոսքով առաջնորդվելը:
-Այսինքն` Դուք Ձեզ հոգեւոր կյանքում այնքան հասուն եք համարում, որ դատում եք քահանաների ու վարդապետների մեկնություննե՞րը:
-Չէ, ես հասունության մասին չեմ ասում, ուղղակի ասում եմ, որ շատ վարդապետություններ լսեցի, որոնց մեջ հեթանոսական որոշ բաներ են խառնվել, ես տխրում եմ այդ ամենից, որոշ կանոններ եկեղեցում պահպանվել են, արմատախիլ չեն արվել, բերել-խառնել են հոգեւոր կյանքին, ինչը ճիշտ չէ, միշտ էլ եղել է դա: Իսկ մեր Հայ Առաքելական եկեղեցին ես ընդունում եմ, քահանաներից ոմանց հաճույքով լսում եմ:
-Շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ Ձեր հարաբերությունները պահպանվե՞լ են:
-Միանշանակ: Այն մարդկանց հետ, որոնց հետ միշտ շփվել եմ աշխատանքի վայրում, այսօր էլ սիրով շփվում եմ. այդ կապը դեռ մի բան էլ ամրապնդվել է:
-Իսկ Ձեր կինը կիսու՞մ է Ձեր հայացքները:
-Այո՛, իհարկե, մեր միությունն Աստծո օրհնությամբ է եղել, մեր ընտանիքը խաղաղ է, անդամները` համակարծիք:
-Որքանով հասկացա` նոր կյանք եք սկսել, այս հանգամանքը ստեղծագործական կյանքի վրա ինչ-որ կերպ կանդրադառնա՞:
-Ես կուզենամ, որ իմ երգացանկում գերակշռող լինեն հոգեւոր երգերը: Մայրս հոգեւոր երգեր էր գրել, դրանցից մեկն արդեն կատարել եմ, համացանցում շրջանառվում է, դեռ էլի եմ նրա հեղինակած երգերից կատարելու: Աստծուն շնորհակալ եմ, որ աշխարհիկ երգերով գումար վաստակելու հնարավորություն ունեմ, բայց նրա տված շնորհքը պետք է ծառայեցնեմ նաեւ իրեն:
ՈՎ Է ՎՃԱՐԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Օրերս «Ժողովուրդ»-ը գրավոր դիմել էր ՀՀ մշակույթի նախարարությանը հետեւյալ հարցով` 2015 թվականին մշակույթին հատկացված բյուջեից արտասահմանյան ուղեւորությունների համար որքա՞ն գումար է նախատեսվել հատկացնել նախարար Հասմիկ Պողոսյանին` մեկ տարվա կտրվածքով եւ որքա՞ն է հատկացվել 2014-ին:
Նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան՝ նշել են, որ 2014 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացված գործուղումների համար հատկացվել է 670.900 դրամ: Իսկ ինչ վերաբերում է այս տարվա ծախսերին, նախարարությունից տեղեկացրել են. «2015 թվականի պետական բյուջեից առ 07.04.2015թ. գումար չի հատկացվել, քանի որ մինչեւ նշված ժամկետը պաշտոնական այց չի կատարվել»:
Նկատենք, որ մենք հարցրել ենք` որքա՞ն գումար է նախատեսվել հատկացնել արտասահմանյան ուղեւորությունների համար, եւ երբ նախարարությունը հարցին պատասխանել է՝ 2014 թվականի կտրվածքով օգտագործել է «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացված գործուղումներ» ձեւակերպումը, իսկ երբ անդրադարձել է 2015-ին, սահմանափակվել է միայն պաշտոնական այցերի մասին հիշատակումով:
Այնինչ այս տարվա հունվարի 18-20-ը կայացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի աշխատանքային այցը Ավստրիայի Հանրապետություն, նախարարը ներկա է գտնվել Ավստրիայի Կարինթիա երկրամասի մայրաքաղաք Քլագենֆուրտի «Կոնցերտհաուս» համերգասրահում տեղի ունեցած «Աղոթքի անիվ» պատարագի պրեմիերային: Ավելի ուշ` 2015-ի մարտի 27-29-ը, Լեհաստանի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Մալգոժատա Օմիլանովսկայի եւ Լյուդվիգ Վան Բեթհովենի փառատոնի գլխավոր տնօրեն Էլժբետա Պենդերեցկայի հրավերով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը աշխատանքային այցով մեկնել է Վարշավա: Արդեն մարտի 5-ին Հռոմի հեղինակավոր Վիտտորիանո թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում բացվել է «Հայաստան. տապանի ժողովուրդ» խորագրով ցուցահանդեսը, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ի՞նչ են վերը թվարկվածները, եթե ոչ արտասահմանյան ուղեւորություններ. կարելի է ենթադրել, թե նախարարն իր գրպանից է վճարել այդ այցելությունների համար: Անհասկանալի է, թե ինչու է նախարարությունը շրջանցել սրանք` խուսափելով տրամադրել որեւէ տեղեկություն այդ ուղեւորությունների համար հատկացված գումարի չափի վերաբերյալ:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՀԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ
Օրերս Ֆրանսիայում լույս աշխարհ է եկել երգիչ Արմոյի առաջնեկը: Նա աղջիկ է ունեցել, որին կոչել են Լեա: Արմոն արդեն մեկնել է Ֆրանսիա, տեսել է փոքրիկին, լուսանկարվել հետը ու գրառում կատարել «Ֆեյսբուք» սոցցանցում. «Փառք ու շնորհակալություն մեր Տեր Աստծուն` Հիսուս Քրիստոսին, այս հրաշալի պարգեւի համար. հավատացե՛ք եւ ընդունե՛ք ձեր սրտերի մեջ ամենակարող Տիրոջը` Հիսուսին, ով միակ կյանք պարգեւողն է… ցանկանում եմ այս ուրախությունը բոլորիդ, ահա եւ իմ փոքրիկ Լեան` երկու օրական»,-գրել է նա:
Զույգը դստեր հետ Հայաստան կվերադառնա մայիսին:
SYSTEM OF A DOWN-Ը ՓԱՅԼԵԼ Է
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Wake Up the Souls շրջագայության շրջանակում ապրիլի 14-ին System of a Down-ը համերգ է ունեցել Լիոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, աշխարհահռչակ խումբը ստանձնել է նաեւ քաղաքական հանձնառություն, եւ Լիոնում կայացած համերգը սկսվել է հզոր անիմացիոն տեսահոլովակով, որով ներկայացվել է Հայոց ցեղասպանության պատմությունը: Համերգին ներկա են եղել հազարավոր երկրպագուներ: Աշխարհահռչակ խումբը` Սերժ Թանկյանի գլխավորությամբ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 7 համերգ է նախատեսել Եվրոպայում: Վերջինը տեղի կունենա ապրիլի 23-ին` Երեւանում:
ՆՈՐ ՍԻՐԱՎԵ՞Պ
Արեւմտյան մամուլում լուրեր են պտտվում այն մասին, որ կանադացի երգիչ Ջասթին Բիբերը սիրավեպ է սկսել մոդել Իրինա Շեյքի հետ: Խոսակցությունները սկսվել են «Coachella» երաժշտական փառատոնից հետո, որի ժամանակ Բիբերը նախ՝ սիրաշահել է Victoria՚s Secret-ի մոդելներից մի քանիսին, ապա՝ հենց Շեյքին, ընդ որում, վերջինս դեմ չի եղել դրան: Որոշ ԶԼՄ-ներ էլ գրել են, որ Բիբերը սիրախաղ է արել նաեւ Քենդալ Ջեների եւ Հայլի Բոլդուինի հետ:
Հիշեցնենք, որ Իրինա Շեյքը ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուից բաժանվելուց հետո «կասկածվում էր» հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնի հետ սիրավեպ սկսելու մեջ: Դե, իսկ Բիբերը, թեեւ երգչուհի Սելենա Գոմեսից բաժանվելուց հետո մի քանի սիրախաղեր է ունեցել, այնուամենայնիվ, լրագրողներին խոստովանել է, որ իր համար շարունակում է ներշնչանքի աղբյուր մնալ Գոմեսը: