Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Անցնող օրերի ընթացքում Արցախում պատգամավորական ընտրությունների նախընտրական պայքարի շրջանակներում հալածանքներ են իրականացվել Ազգային վերածնունդ կուսակցության, նրա ներկայացուցիչների ու անդամների նկատմամբ:
Ազգային վերածնունդ կուսակցությունը ամբողջությամբ օրենքի շրջանակներում և համակարգի տրամաբանության ներքո մասնակցեց այդ ընտրական գործընթացներին որպես ընդդիմադիր ուժ և այդ համակարգի կողմից ենթարկվեց հալածանքների:
Ավելորդ չէ նշել, որ Արցախի իշխանությունները Երևանյան ռեժիմի ենթակա մասնաճյուղն են, և այս իրադարձությունները Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հալածանքների տրամաբանական շարունակությունն են:
Հունվարի 31-ին Բերձորում ԼՂՀ պետական կառույցների ձեռամբ Հայաստանյան ռեժիմի իրականացրած պետական ահաբեկչությանը և վանդալիզմին հաջորդած այս հալածանքներն ապացույցն են այն բանի, որ ռեժիմը պատրաստ է բռնություն կիրառել և հետապնդել նույնիսկ ամենաանմեղ ձևով իրեն մարտահրավեր նետող ցանկացած ուժի նկատմամբ:
Հիմնադիր խորհրդարանը դատապարտում է Ազգային վերածնունդ կուսակցության նկատմամբ իրականացված հալածանքները և Հայաստանում (Արցախը ներառյալ) գործող ազնիվ ուժերին ու անհատներին կոչ է անում ճիշտ գնահատել տիրող համակարգի ու ռեժիմի էությունը և համապատասխան հետևություններ անել այն հեռացնելու ուղիների գիտակցման վերաբերյալ»,-նշված է հաղորդագրությունում: