ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Շուշիի առանձնակի գումարտակի» հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի կալանավորումը սպասելի էր այնքանով, որ ապրիլի 24-ի հետ կապված պետք չէր նման բովանդակությամբ հայտարարություններ անել:
«Տեսեք առաջին դեպքը, որ կատարվեց Ժիրայր Սէֆիլյանի հետ, երբ Արցախի ճանապարհին միջադեպ էր տեղի ունեցել, ծեծկռտուք, այդ ժամանակ ես դատապարտեցի կատարվածը, նրա կալանավորումն էլ եմ քննադատում, բայց կարծում եմ նաև, որ չի կարելի, չեմ ընդունում Ժիրայրի ծրագիրը, որը նախատեսված էր ապրիլի 24-ին»,- ասաց պատգամավորը:
Վերջինիս կարծիքով Սէֆիլյանի և նրա ընկերների ձերբակալության նպատակը եղել է այն, որ ապրիլի 24-ին ինչ-որ միջադեպեր չլինեն, որոնց արդյունքում, ըստ Գասպարյանի, ամբողջ աշխարհով Հայաստանը կարող էր խայտառակվել:
«Ինձ թվում է, որ նրանց բաց կթողեն»,- ասաց պատգամավորը: Այն հարցին, թե որպես ազատամարտիկ՝ ինչո՞ւ կոչ չի անում, որ ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակեն, Գասպարյանը պատասխանեց. «Քաղաքական հայացքների համար կալանավորելն անընդունելի է, ինչ կոչ անեմ… ազատամարտիկներին չծեծեցի՞ն, էս երկրում ի՞նչ չի արվում»: