Մեծ կորուստ կրեց հայրենական սպորտը : Ծանր հիվանդությունից հետո , երեկ ուշ երեկոյան իր մահկանացուն կնքեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ , վաստակավոր մարզիչ Վարդան Իշխանի Միլիտոսյանը :
Վարդան Միլիտոսյանը ծնվել է 1950 թ. հուլիսի 8 –ին , Գյումրիում : Ծառայել է Խորհրդային բանակում , ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը :
Վարդան Միլիտոսյանը զինծառայության ժամանակ , 1964 –ից , մարզվել է ԽՍՀՄ անվանի ծանրորդ և մարզիչ Հակոբ Ֆարաջյանի գլխավորությամբ : Վարպետության դասերը լավ էր ընկալում շնորհալի մարզիկը : Նա շռնդալից հաղթանակներ է տոնել միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում : ԽՍՀՄ հավաքականում , 75 կգ քաշային կարգի առաջատարը , դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն , օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր / 1976 թ. / , աշխարհի հնգակի ռեկորդակիր , տասնյակ հաղթանակներ է տարել համամիութենական առաջնություններում և միջազգային պաշտոնական մրցաշարերում : Փաստորեն , որոշակի տեղատվությունից հետո , նրա շնորհիվ Հայաստանում վերսկսվեց ծանրամարտի վերելքը :
Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո / 1980 թ. / մեծանուն վարպետը համալրեց հարազատ քաղաքի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչների շարքը ու դարձավ հմուտ ուսուցիչ : Նա շատերին վարպետության դասեր տվեց : Իր հետքերով տարավ նաև եղբորորդուն ` Իսրայել Միլիտոսյանին ` նրան դարձնելով աշխարհի , Եվրոպայի բազմակի չեմպիոն , օլիմպիական խաղերի արծաթե / 1988 թ. / և ոսկե / 1992 թ. / դափնեկիր :
Երբեք չէր խոսում , չէր հիշատակում իր մեծ նվաճումների ու կատարած մարզական սխրանքների մասին , քանզի նա բարձր էր ու ցանկանում էր մշտապես բարձրացնել գործընկերներին : Ահա թե ինչու մարզադրոցի աշխատակազմը չափազանց բարի , ազնիվ , աշխատասեր ու մարդամոտ Վարդան Միլիտոսյանին 1996 թ. ընտրեց տնօրեն :
Վերջին տասնամյակում , սոցիալ տնտեսական պայմաններից ելնելով , նա ստիպված եղավ այլ աշխատանքի անցնել : Բայց մեծանուն ծանրորդը անդավաճան մնաց իր մարզաձևին ու հոգով – սրտով նրա հետ էր մինչև կյանքի վերջը :
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ծանր կորուստի առթիվ վշտակցում է հանգուցյալի ընտանիքի անդամներին , հարազատներին , նրա վարպետությամբ հիացած մարզասերների մեծ բանակին , ընկերներին :
Վարդան Միլիտոսյանի հիշատակը միշտ վառ կմնա , քանզի նրա անունը ոսկե տառերով է գրված հայրենական ու համաշխարհային սպորտի պատմագրքում :
ՀԱՕԿ-ի լրատվության բաժին