ԱՅՍՊԵՍ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ԷԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը եւ Հայաստանի իշխող էլիտան, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները, կապ չունեն Հայաստանի Հանրապետության անկախության հետ, վաղուց էր հայտնի: Բայց եթե մինչ օրս դա ընդամենը ենթադրության մակարդակի տեղեկություն էր, նախօրեին այն դարձավ կոնկրետ փաստարկված իրողություն:

Սերժ Սարգսյանն ապրիլի 27-ին հյուրընկալել էր ռուս հայտնի հեռուստահաղորդավար, գրող եւ հրապարակախոս Վլադիմիր Պոզներին եւ բավական երկարաշունչ հարցազրույց տվել: Հարցազրույցը հիմնականում նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն հնթացս մեկ-երկու «կյանքից վերցրած» հարցեր եւս հնչեցին: Հենց դրանցից մեկին էլ Սերժ Սարգսյանի տված պատասխանն ամբողջությամբ ախտորոշեց այս գործչի տեսակը եւ լիարժեք հասկանալի դարձրեց, թե ինչու է Հայաստանն այսօր նման ծանր կացության մեջ հայտնվել:
Պոզները մասնավորապես հարցրեց. «Ձեզ մոտ չկա որեւէ զղջում այն բանի համար, որ Խորհրդային Միությունն այլեւս չկա»: Ուշադրություն դարձրեք՝ իրեն անկախ պետության նախագահ հռչակած գործչին հարցնում են, թե արդյոք նա չի զղջում, որ իր Հայրենիքն այլեւս օտար կայսրության մաս չի կազմում: Թվում էր, թե առաջնահերթ պետք է կարեւորեր իր ղեկավարած երկրի Անկախությունը, եւ պատասխանն էլ այս մոտիվով պետք է լիներ: Բայց Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Ես չեմ ցանկանում կրկնել այն բոլոր լավ մտքերը, որոնք արտահայտվել են շատ հայտնի մարդկանց կողմից Խորհրդային Միության մասին` այսօրվա իրավիճակի մասին: Իհարկե, Խորհրդային Միությունը Խորհրդային Հայաստանին, հայությանը շատ բան է տվել: Ցեղասպանությունից հետո, պատկերացնում եք, բնակչության թվով փոքր ազգը` ծեծված, կոտորված, եւ 50 տարի հետո այդ հանրապետությունը դարձավ Խորհրդային Միության առաջատար հանրապետություններից մեկը: Իհարկե, ծաղկել է գիտությունը, մշակույթը, մենք շատ բան կարողացանք վերականգնել, այդ պատճառով էլ ուղերձը, որը մենք դնում ենք այս միջոցառումների (Ցեղասպանության 100-րդ տարելիցի,-Վ.Հ.) մեջ, դա վերածնունդն է: Իրականում, Խորհրդային Միության կարգերի ժամանակ մենք կարողացանք վերածնվել»:
Նման պատասխան Պոզների համար ակնհայտ անակնկալ էր, եւ նա դա չթաքցրեց ու փորձեց ակնարկով Սերժ Սարգսյանին հիշեցնել, որ նա որպես անկախ պետության ղեկավար է հանդես գալիս: «Ես անընդհատ սպասում եմ, երբ Դուք կասեք բայց…»,- ասաց ռուս հաղորդավարը: Սակայն Սերժ Սարգսյանն անդրդվելի էր եւ պատասխանեց. «Եկեք չասեմ: Իհարկե, Խորհրդային Միությունում մեզ համար ավելի անվտանգ էր: Ես եւս մեկ անգամ կրկնում եմ՝ կարելի է հազար լավ բառեր ասել Հայաստանի վիճակի մասին Խորհրդային Միության կազմում գտնվելու ընթացքում, հայերի վիճակի մասին Խորհրդային Միությունում: Բայց երբ Խորհրդային Միության արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ է դնում Աթաթուրքի գերեզմանին, այդ թվում՝ հայ ժողովրդի անունից, այ, այստեղ արդեն ցավ է»:
Նախ «ցավի» մասին. այստեղ հետաքրքիր հարց է առաջ գալիս՝ իսկ ինչու պետք է Խորհրդային Միության ԱԳ նախարարն Աթաթուրքի գերեզմանին ծաղկեպսակ չդներ, չլինի՞ ԽՍՀՄ-ը ոչ թե ռուսական կայսրություն, այլ Մեծ Հայքն է եղել, չենք իմացել: Ակնհայտ է, որ կլինի ԽՍՀՄ-ի, թե Ռուսաստանի ԱԳ նախարար, միեւնույն է, նրանք գործել եւ գործելու են ի շահ Ռուսաստանի, իսկ եթե որեւէ մեկը դրա արդյունքում ցավեր է ունենում, ապա թող բարի լինի իր անկախ պետությունը կառուցել, որպեսզի իրեն անընդհատ չցավեցնեն:
ԽՍՀՄ-ի եւ այդ երկրի կազմում հատկապես Հայաստանի հայտնվելու մասին պատկերացում ունեցող միջին վիճակագրական հայն անգամ իրեն թույլ չէր տա այնպես պատասխանել, ինչպես Սերժ Սարգսյանը, եւ նման կարծիքը հաստատ կվիրավորեր նրա ազգային արժանապատվությունը: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը խոսում էր ոչ թե որպես ճակատագրի բերումով Անկախ Հայաստանի քաղաքացի դարձած ինչ-որ այլազգի, որը շարունակում է երազել ՌԴ քաղաքացի դառնալու մասին, այլ իբրեւ Հայաստանի Հանրապետության ղեկավար: Այսինքն՝ նա Հայաստանի հավաքական տեսակետն էր ներկայացնում, որը, սակայն, իրականում կապ չուներ ո՛չ Հայաստանի Հանրապետության եւ ո՛չ էլ ընդհանրապես հայության հետ:
Թերեւս կարելի է շնորհակալություն հայտնել Վլադիմիր Պոզներին, որ կարողացավ դրդել Սերժ Սարգսյանին անկեղծանալու եւ խոստովանելու, որ ինքն Անկախ Հայաստանի հետ ոչ մի առնչություն չունի, եւ իր համար միեւնույն է, թե Հայաստանի Հանրապետության հետ ինչ տեղի կունենա, իր հայրենիքը այստեղից մի քանի հազար կիլոմետր հեռու է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա մայիսի 30-ին տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարը: Այն տեղի կունենա Երեւանի Խորենացի 15 հասցեում գտնվող «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» դահլիճում, ժամը 11:30-ին: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը հիմնադրվել է դեռեւս 2013 թվականին: Այդ նախաձեռնության առաջնորդներն են «Սասուն» ջոկատի հրամանատար ազատամարտիկ Սասուն Միքայելյանը եւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Իսկ այս տարվա մարտին նշված նախաձեռնության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել կուսակցություն դառնալու նպատակով նախաձեռնող խումբ ստեղծելու մասին: Դեռեւս մարտին Նիկոլ Փաշինյանը արդեն ասել էր, որ իրենց նպատակը նոր` ինստիտուցիոնալ ընդդիմություն ձեւավորելն է, որը հնարավորություն կունենա եւ ի վիճակի կլինի իշխանություններին լուրջ մարտահրավեր նետել, հաղթել եւ Հայաստանում իշխանափոխություն իրականացնել:

 

ԼՈԽ ԼԱՎԱ
Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ այս տարվա մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք ԵՏՄ նախագահների հերթական հանդիպմանը Սերժ Սարգսյանը չի մասնակցի: Նա մայիսի 7-ից 8-ը լինելու է ԱՄՆ-ում, որտեղ մասնակցելու է Վաշինգտոնում կազմակերպվելիք Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Սարգսյանը Մոսկվա կմեկնի մայիսի 9-ին միայն` Երկրորդ աշխարհամարտում Խորհրդային Միության հաղթանակի նվիրված շքերթին մասնակցելու համար: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից պարզել, թե ինչու է Սերժ Սարգսյանը խուսափում հանդիպել ԵՏՄ նախագահների հետ: «Հանգիստ եղեք, ԵՏՄ մտնելու թիվ մեկ շարժառիթը եղել է մեր տնտեսական շահը եւ դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ: ՀՀ նախագահը մայիսի 9-ին լինելու է Մոսկվայում, մասնակցելու է հաղթանակի տոնակատարություններին, եւ հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին ոչինչ չի սպառնում: Միեւնույն ժամանակ նախագահը Պոզների հետ հարցազրույցում նշեց, որ մենք պարտադրված չենք ընտրություն կատարել Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ»,- հայտարարեց Շարմազանովը:

 

ՈՒՍՈՒՑԻՉ ԳԱԼՈՒՍՏԸ
Խորհրդարանի քառօրյայի երեկվա նիստը մեկնարկեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի «կսմիթներով»: Նա զբաղեցնելով իր տեղը՝ նկատեց, որ պատգամավորները շարունակում են «աղմկել»: «Բարեւ ձեզ, հարգելի՛ պատգամավորներ,- ասաց Սահակյանը ու երբ նկատեց, որ, ինչպես միշտ, իր «բարեւ»-ից հետո դահլիճում ոչինչ չի փոխվում, ուսուցչի տոնով, սրտնեղած նորից դիմեց մասնագիտությամբ մանկավարժ Գալուստ Սահակյանը,- կա՞ն հարգելի պատգամավորներ: Ասում եմ` բարեւ ձեզ, հարգելի՛ պատգամավորներ: Դա նշանակում է` դուք էլ պիտի բարեւը վերցնեք, լուռ նստեք, սպասեք հետագա գործընթացներին»:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՆՈՐԱԿ ԴԵՂԵՐ
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը երեկ առողջապահության նախարարից հետաքրքրվել է Հայաստան ներկրվող դեղորայքների որակական տարբերություններով: Նա նկատել է. «Դրսում խմեք սովորական ցավազրկող «Նուրոֆեն» եւ գլխացավը կանցնի, իսկ Հայաստանում խմելուց հետո կկրկնապատկվի»: Ի պատասխան՝ ԱՆ նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է, որ դեղորայքների որակական տարբերություն կա, սակայն հավաստիացրել, որ իրենք քայլեր են կատարում՝ նման դեպքերը բացառելու համար:

 

ԽՈՍՔԻ ՏԵՐԸ ԵՂԱՎ
Գագիկ Ծառուկյանին պատկանող, Աբովյան քաղաքում գտնվող տոնավաճառի բացման ժամանակ ԲՀԿ նախկին առաջնորդը հրաժարվել է որեւէ քաղաքական հարցի պատասխանել: Լրագրողների այն հարցին, թե ինչու մարդկանց մենակ թողեցիք, չէ որ մարդիկ հույսեր ունեին, Գագիկ Ծառուկյանը պատասխանել է, թե քաղաքականությունը վաղուց է թողել, իսկ մարդկանց էլ խոստացել է լավություն անել: «Իմ խոսքի տերն եմ, իսկ ձեր քաղաքական հարցերը տվեք քաղաքականության կարկառուն ներկայացուցիչներին»,-ասել է նա: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում բարձրացրել էին վարձավճարները, ինչը առեւտրականների զայրույթն էր առաջացրել: Ծառուկյանն էլ նրանց առաջարկել էր առանց վճարի իրենց առեւտուրը կազմակերպել Աբովյանում, առեւտրականները համաձայնել էին: 3 ամսում հատկացված տարածքը դարձել է տոնավաճառ` իր բոլոր հարմարություններով:

 

ԱՅՑԵԼԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ այցելել է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ապրիլի 26-28-ը անցկացվող «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես, որի նպատակն է ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, արդյունաբերության զարգացման հնարավորությունները, ինչպես նաեւ՝ աջակցել հայաստանյան ընկերությունների հետագա զարգացմանն ու արտահանման խթանմանը:

 

ԱՄՆ ԹԵ ՌԴ
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Կառավարության հրաժարականի նախադրյալներ չի տեսնում, անկախ այն հանգամանքից, որ Հովիկ Աբրահամյանն իր խոստացած տնտեսական աճը չի ապահովել: «Մենք բարդ տնտեսական շրջանում ենք, քայլեր արվում են, բայց միանգամից չեն երեւալու արդյունքները»: Ինչ վերաբերում է մայիսի 7-8-ը Սերժ Սարգսյանի` ԱՄՆ կատարվելիք այցի մասին տեղեկություններին, Մելիքյանն Armlur.am-ին ասել է. «Մի մասն ասում է՝ Սերժ Սարգսյանը ԱՄՆ է մեկնելու, բայց որքան ես տեղեկացված եմ, նա մասնակցելու է նաեւ հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին Մոսկվայում»: Մելիքյանի գնահատմամբ` մեր շահերից է բխում, որ Սերժ Սարգսյանը մեկնի Միացյալ Նահանգներ:

 

ԿԺԱՄԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը մայիսի 31-ին կժամանի Ադրբեջան, որից հետո կայցելի նաեւ Վրաստան եւ Հայաստան: Ադրբեջանում քննարկվելիք հարցերի շարքում նախ եւ առաջ անդրադարձ է կատարվելու ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։

 

ԳԱԶԸ ԿԷԺԱՆԱՆԱ
Սերժ Սարգսյանի հետ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի՝ ապրիլի 16-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի համար գազի սակագնի զեղչի պայմանավորվածություն է ձեռք բերվել: «ԵՏՄ ՀՀ մուտքով պայմանավորված` գազի սակագինը Հայաստանի համար կիջեցվի եւ կկազմի 165 դոլար 1000 խմ-ի դիմաց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարել է Միլլերը` այցի արդյունքներն ամփոփելով «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում: Հիշեցնենք, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը ներկայումս 189 դոլար է 1000 խմ-ի դիմաց:




Լրահոս