ԵԹԵ ԳՏՆՈՒՄ ԵՆ` ՊԵՏՔ ՉԷ, ԹՈՂ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ երեկվա նիստում շարունակեց քննարկվել նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը՝ ենթարկվելով դաժան քննադատության: Հիշեցնենք, որ այդ օրինագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 32 հազար 500 դրամից դարձնել 35 հազար դրամ: ԱԺ նիստի ավարտից հետո «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին՝ պարզելու համար, թե ինչ տրամադրություն ունի այդքան քննադատություններից հետո: Նկատվեց, որ նրա տրամադրությունն առանձնապես լավ չէր, քանի որ նախարարի շատ մտքեր պարզապես հասկանալի չէին:
-Պարո՛ն Գաբրիելյան, այսօր՝ ողջ օրվա ընթացքում, Ձեր ներկայացրած օրինագիծը քննադատվեց եւ համարվեց ժողովրդին նվաստացնող նախագիծ: Դուք՝ որպես ՀՀ ֆինանսների նախարար, չե՞ք ամաչում, որ այդ չափով եք ցանկանում բարձրացնել նվազագույն աշխատավարձը:
-Ըստ Ձեզ՝ պե՞տք չէ բարձրացնել նվազագույն աշխատավարձը:
-Այդ չափով բարձրացումն ի՞նչ կտա:
-Եթե մենք այնքան հնարավորություն ունենանք, եւ եթե դա տնտեսության վրա չի ազդի, գնաճային ճնշումների չի բերի, եւ մենք կարողանանք առանց որեւէ հետեւանքի 50 հազար բարձրացնենք, ապա, ըստ Ձեզ, չե՞նք բարձրացնելու: Եթե նման հնարավորություն ունենայինք, ապա առաջինը մենք դա կանեինք, բայց այժմ այդքան են հնարավորությունները, եւ մենք դա ենք առաջարկում:
-«Ժառանգություն»-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն իրենց հայտարարություններում նշեցին, որ դա խայտառակություն է, եւ այս պարագայում ավելի ճիշտ կլինի չբարձրացնել աշխատավարձերը, այլ կերպ ասած՝ ժողովրդին չխաբել:
-Եթե իրենք գտնում են՝ պետք չէ, թող դեմ քվեարկեն, եթե անգամ էդ փոքր գումարը, որ պետք է ավելանա մարդկանց համար, չեն ուզում, որ ավելանա, թող չքվեարկեն: Նշեմ նաեւ, որ բոլոր ֆրակցիաներն այդ ամենը չասացին, ասացին ընդդիմադիր ֆրակցիաները, իսկ նրանք մշտապես դեմ են արտահայտվում կառավարության բերած նախագծերին: Ինչ-որ հատուկ վերաբերմունք՝ այս նախագծի հետ կապված, չեմ տեսնում: Եւ հիմա Դուք Ձեզ հա՛րց տվեք, երբ որ մենք ավելացնում ենք եղածից, եւ դա տնօրինող եկամուտի դեպքում ավելանում է 3475 դրամի չափով, դա հանդիսանում է 11-տոկոսանոց աճ: Հիմա 11-տոկոսանոց աճի կամ ընդհանրապես աճի մասին պե՞տք չէ խոսել: Այսինքն՝ եթե մենք այդ հնարավորության չափով ունենք, չբարձրացնե՞նք: Թողենք, որ վիճակն ավելի վատանա, նո՞ր հնարավորության դեպքում, երբ որ վիճակը լավանա, նո՞ր բարձրացնենք: Մենք ունենք հեռանկար, հեռանկարով աստիճանաբար բարձրացնում ենք ու դրանով գնում ենք կրկնապատկման:
-Նշեցիք, որ ընդդիմադիր ֆրակցիաներն են մշտապես կառավարության նախագծերին դեմ արտահայտվում: Բայց իրողությունն այն է, որ կառավարության վատ աշխատանքի արդյունքում ընդդիմախոսներին միացել է նաեւ այլընտրանքային ԲՀԿ-ն:
-Կրկնում եմ, որ դա ասում է ընդդիմադիր հռետորիկան: Իրական ընտրության հետ, թե մենք ինչպիսի ընտրություն ունենք եւ թե ինչ կարող ենք անել այս պահին, որպեսզի տնտեսությանը վնաս չտանք եւ որպեսզի կարողանանք նաեւ այդ մարդկանց համար որոշակի պայմաններ ստեղծել:
-Իսկ Սերժ Սարգսյանի հետ քննարկում ունեցե՞լ եք նման օրինագիծ ներկայացնելուց առաջ: Ի՞նչ ասաց նա:
-Քննարկել ենք կառավարության… Ես անձամբ հանրապետության նախագահի հետ նման հարց չեմ քննարկել, մենք ուղարկել ենք կառավարություն, կառավարությունն էլ օրինագիծը հաստատել է եւ ուղարկել Ազգային Ժողով:
Հ.Գ. Վաչե Գաբրիելյանի հետ մեր զրույցն ընդհատեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ «դաստիարակելով» իր գործընկերոջը «Գաբրիելյա՛ն, արի՛, ինքը երկու հարցի իրավունք ուներ»: Ու Գաբրիելյանն էլ, լսելով իր գործընկերոջը, զրույցը թողեց կիսատ ու փախավ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս