ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված վերջին միջադեպին և դրա շուրջ շրջանառվող տարատեսակ լուրերին:
«Մայիսի 2-ին Գորիսի տարածքի «Սդղի գյոլ» կոչվող վայրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ վերջին օրերին տարատեսակ վարկածներ, մեկնաբանություններ ու, այսպես ասած, վերլուծություններ են շրջանառվում, որոնք խեղաթյուրված են ներկայացնում դեպքի բացահայտմանն ուղղված՝ ոստիկանության մարմինների գործողությունները:
Բազմիցս ասել ու կրկնում ենք. չբացահայտվող հանցագործություններ չկան, և ոչ մի հանցագործ անպատիժ չի մնում: Սակայն հանցագործությունը բացահայտման իր ընթացքն ու տրամաբանությունն ունի, որը պահանջում է ժամանակ ու պրոֆեսիոնալ գործողություններ, իսկ դիլետանտական մեկնություններն ու գնահատականները տեղին չեն ու նաեւ որոշ դեպքերում խոչընդոտում են դրան:
Ոստիկանությունը հավատարիմ է հասարակության հետ և հանրային հսկողությամբ իր գործառույթներն իրականացնելու սկզբունքին, սակայն մերժում ու մերժելու է օրենքով սահմանված իր գործողություններին կամայականորեն միջամտելու և անվստահության մթնոլորտ ստեղծելու ցանկացած փորձ:
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ վերոհիշյալ միջադեպի բոլոր հանգամանքներն ի հայտ բերելու գործողությունները շարունակվում են և հասարակությունը պատշաճ կիրազեկվի արդյունքների մասին»,- գրել է Ահարոնյանը: