Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, գլխավորությամբ այսօր` հոկտեմբերի 31-ին, տեղի է ունեցել “Հարսնաքարի” գործով հերթական դատական նիստը:
Նիստի ընթացքում ցուցմունք է տվել նույն օրը ծեծի ենթարկված եւ գործով որպես տուժող անցնող 32-ամյա զինվորական բժիշկ Արտակ Բայադյանը: Նա ասել է, որ իրեն եւ ընկերներին ծեծել են ոչ թե 5-6, այլ 15-20 հոգով: Ըստ Բայադյանի, իրենք գնացել են “Հարսնաքար” ռեստորանային համալիր` նշելու ընկերներից մեկի տարեդարձը, իսկ մինչ այնտեղ գնալը տոնում էին Արզնիի ձորում: Արտակ Բայադյանը պատմել է, որ ռեստորանում Վահե Ավետյանից պահանջել են գնալ եւ փոխել տաբատը, եւ նա հենց այդպես էլ վարվել է: Վկան պատմել է, որ այնուհետեւ երբ նրան մոտեցել է մատուցողը, Վահեն հարցրել է` “կարո՞ղ է գլխարկս էլ հանեմ”, իսկ վերջինս պատասխանել է, թե “կարող ա՞ կայֆավատ ես լինումե” ու Վահեին հրավիրել դուրս: Մատուցողը հարվածել է Վահեին, ապա նրանց դուրս են հրավիրել, որտեղ 15-20 հոգով հարձակվել եւ դաժան ծեծի են ենթարկել բժիշկներին: Բայադյանի խոսքով, ինքը հարված է ստացել եւ ուշագնաց եղել, իսկ երբ արթանցել է, նկատել է, որ Վահե Ավետյանը ծալապատիկ ընկած է, խռռոցով հազիվ է շնչում եւ անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
Աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ այսօրվա նիստը հետաձգվել է, եւ հաջորդ նիստը կայանալու է նոյեմբերի 6-ին, որի ժամանակ կշարունակվի Բայադյանի հարցաքննությունը: