ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի քանի տեսակ է գործում: Կցանկանայի տեղեկանալ նաեւ, թե «Վիճակախաղերի մասին» սահմանված օրենքի պահանջների համաձայն՝ դրանց կազմակերպիչներն ինչ պարտավորություններ ունեն:

Մամիկոն Բադալյան (49 տարեկան, գործատու)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայաստանի Հանրապետությունում գործում է վիճակախաղի ընդամենը երկու տեսակ՝ տոտալիզատոր եւ դասական վիճակախաղ: «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի առկայության դեպքում ընկերությունը կարող է կազմակերպել մեկ եւ ավելի խաղեր: Եւ այս դեպքում կազմակերպիչը պարտավոր է՝
1. իրային շահումների խաղարկման դեպքում վիճակախաղի շահող մասնակցին տեղեկացնել այդ իրային շահումին համարժեք դրամական չափի մասին եւ շահողի ցանկությամբ տրամադրել դրամական շահումը,
2. շահումի փաստը եւ արժեքը հրապարակել միայն շահողի համաձայնությամբ,
3. շահողի առաջին իսկ պահանջով տրամադրել շահումը:
Վիճակախաղին մասնակցելու իրավունք ունեն միայն տասնութ տարեկանը լրացած անձինք: Ավելացնենք, որ այս պահանջների խախտման համար նախատեսված են պատասխանատվության միջոցներ:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ վիճակախաղերի կազմակերպիչներն իրականում ունեն որոշակի պարտավորություններ ու իրենց կամքից անկախ՝ պետք է բախվեն օրենքի որոշակի կետերի հետ: Մնում է հուսալ, որ պահանջների խախտման դեպքում համապատասխան օղակները կկարողանան կիրառել նշված պատասխանատվության միջոցները, որոնք հաճախ չեն գործադրվում վերոնշյալ կառույցների կողմից:




Լրահոս