Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդգծեց, որ այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ են մտել «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխությունները: «Ըստ այդմ` բնակարանների ձեռքբերման կամ անհատական բնակելի տների կառուցման համար ստացված հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսները, ըստ էության, վճարվում են պետության կողմից՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը»,-ընդգծեց նա:
Վարչապետը նշեց, որ այս փոփոխությամբ կառավարությունը երկու կարևոր խնդիր է լուծել՝ աջակցել քաղաքացիներին, որպեսզի առավել մատչելի պայմաններով լուծեն բնակարանային ապահովության խնդիրը, և երկրորդ՝ նպաստել շինարարության ոլորտի ակտիվացմանը:
«Այս նախաձեռնության կյանքի կոչելը շատ կարևոր է, և պետք է հնարավորություն ընձեռել, որպեսզի հնարավորինս շատ մարդ օգտվի այդ հնարավորությունից: Սակայն ներկայումս քաղաքացիներինց ահազանգեր են հնչում, որ պրոցեսը բավական բարդ է, մեխանիզմները՝ ոչ այդքան հասկանալի, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում այս հնարավորություններից օգտվելու համար»,- եզրափակեց նա: