Շրակի մարզի վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները փետրվարի 15-ին միանալու էին վանաձորցիների բողոքի ոչ զանգվածային ակցիային: Այս տեղեկությունը ստանալուն պես, մարզային ոստիկանությունը (իհարկե, Աշոտ Գիզիրյանի կարգադրությամբ) հրահանգ էր իջեցրել` արգելել մեքենաների տեղաշարժը Վանաձոր:Բողոքի ակցիայի մասնակիցներին համոզելու համար առավոտյան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ էր եկել Գյումրիի Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Կարապետյանը` հորդորելով չգնալ Վանաձոր, քանի որ եղանակը վատն է: Գյումրեցի վարորդները դիմադրում էին. «Գնալու ենք, որովհետեւ խոստացել ենք, որ միանալու ենք վանաձորցի տղերքին»: Ոստիկանապետը անկեղծացավ ու ակամայից խոստովանեց. «Էս ուզում եք գլուխս ուտե՞ք: Ասա գնամ, դիմում գրեմ, էլի»…Փոխհամաձայնության չգալով` ոստիկանապետը հեռացավ, վարորդներն էլ ուղեւորվեցին Վանաձոր: Ջաջուռում նրանց դիմավորեցին ոստիկանական խմբերը, ԱԱԾ ծպտյալ աշխատակիցները: Միջպետական նշանակության ճանապարհը փակվեց: Ժամը 11.30-ից մինչեւ ժամը 15-ը վարորդները կանգնած մնացին Ջաջուռի «անցակետում»: Իրենց հակասահմանադրական գործողությունները բացատրում էին այսպես. «Ճանապարհը փակ է, մենք մտածում ենք ձեր անվտանգության մասին: Հենց ձյունը հալվի, նոր կարող եք գնալ»: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն ու Արթուր Սաքունցը ոստիկաններին բացատրեցին, որ Վանաձորից են հասել Ջաջուռ: Սակայն մարդկանց Ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը անձնվիրաբար ոտնահարում էին ոստիկանները` կանգնելով բոլոր այն մեքենաների դիմաց, որոնք փորձ էին անում առաջ գնալ: «Դուք միլիցա եք, թե՞ արյուն խմող, ի՞նչ է ձեր ուզածը, ի՞նչ: Էս մարդիկ ինչ գուզեն, պարոն փոխգնդապետ, ինչի՞ ես ճամփես փակե»,- զայրացած գոռում էր Լ. Բարսեղյանը` հանցագործության մասին հայտնելով «1-02»-ին: Արթուր Սաքունցն էլ ստիպված եղավ զանգահարել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ:Ոստիկաններն էլ հասկանալով իրավիճակի վտանգավորությունը, սկսեցին տարբերակված մոտեցում ցուցաբերել: Ճանապարհը բաց էր բոլորի համար, բացի բողոքի ակցիայի մասնակիցներից, ինչն ավելի վրդովեցրեց: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ու՞մից եք հրահանգ ստացել` ճանապարհը փակելու, Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանը պատասխանեց, թե «Ոչ մեկից, գնա՝ հա՞, ի՞նչ գուզես մեզնից»: Եւ մինչ Ջաջուռում այս իրավիճակն էր, Վանաձորում սկսվեց ու ավարտվեց բողոքի ակցիան: Եւ միայն դրանից հետո ավտոճանապարհը բացվեց: Նշենք, որ փետրվարի 16-ին թերեւս նման փորձությունների միջով կանցնեն վանաձորցիները, քանի որ հիմա էլ նրանք են գալու Գյումրի: ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի
ՇՐՋԱՓԱԿԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ