Ելույթն աղմկոտ վերնագրերի համար էր. Գևորգ Կոստանյանը` Փաշինյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում այսօր ամփոփիչ ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա, ընդհանուր առմամբ, դրական գնահատեց տեղի ունեցած քննարկումները, սակայն ընդգծեց, թե եղան երևույթներ, որոնք զուրկ էին բովանդակությունից և նպատակ էին հետապնդում  աղմկոտ վերնագրեր դառնալ լրատվական կայքերի կամ թերթերի առաջին էջերում:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին և քննադատություններին` Կոստանյանը նշեց.

«Չեմ կարծում, որ ձեզ հետ որևէ կառուցողական քննարկում կարող է լինել երբևէ, առնվազն իմ կողմից, որովհետև եթե դուք իրավագիտությունը համարում եք բառերի կույտ, ուրեմն աստղագիտութունն էլ կարող եք համարել աստղերի կույտ, իսկ մաթեմատիկան` թվերի կույտ»,- նշեց Գևորգ Կոստանյանը:

Նա նշեց, թե Նիկոլ Փաշինյանն այդպիսի ելույթ ունեցավ ինքնադրսևորման համար և  ափսոսանք հայտնեց, որ Փաշինյանը բարձր ամբիոնից հնչեցնում է էմոցիոնալ, վիրավորական դրսևորումներով ճառեր:

«Ես հասկանում եմ, որ իմ ժեստիկուլյացիան կարող է ձեզ մոտ բարդույթներ առաջացնել, բայց, անկեղծ ասած, ժեստիկուլյացիան դա հաղորդակցության եղանակ է, և իմ ժեստիկուլյացիայի ցանկացած տարրը դուք կարող եք հանդիպել հռետորական արվեստի ցանկացած գիտական, անգամ սիրողական մակարդակի հրապարակումներում: Հետևաբար ժեստիկուլյացիայի նկատմամբ նման հակակրանքը ինձ համար տարօրինակ է»,- եզրափակեց նա:




Լրահոս