ԴԻՄԵԼ ԵՆ ՀՀԿ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ բնակարանային բարելավումների ցուցակում հաշվառված Գյումրու զոհված ազատամարտիկների մի խումբ ընտանիքներ բաց նամակ են գրել Սերժ Սարգսյանին:  Նրանք դիմել են այդ միջոցին, քանի որ մինչ այդ Սարգսյանին ուղղված նրանց բազմաթիվ նամակները մնացել են անպատասխան: Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ասուլիս հրավիրած զոհված զինվորների այրիները եւ մայրերը, որոնք Ազատամարտի վետերանների միության անդամներ են, նշում էին, որ իրենց բազմաթիվ նամակները երբեք չեն ուսումնասիրվել. «Պարզապես մակագրվել, ուղարկվել է պետական մարմիններին, չինովնիկական աստիճաններով իջել է, եւ տրվել է շաբլոն պատասխան. ձեր հերթն այսինչ համարն է»: Զոհվածների ընտանիքների անդամները բազմիցս են հետաքրքրվել բարելավումների հատկացման գործընթացով, բայց ՊՆ սոցվարչությունում տեղեկացրել են, որ բարելավումները հատկացվում են առաջնահերթության հետեւյալ սկզբունքով՝ զոհված անօթեւան, զոհված բարելավում, հաշմանդամ անօթեւան, հաշմանդամ բարելավում:
«Ցավոք սրտի, մենք ականատես ենք այլ պատկերի. Գյումրիում եւ Շիրակի մարզում, մեղմ ասած, չի պահպանվում այդ առաջնահերթության կարգը: Վերջին 4-5 տարիների ընթացքում բարելավումներ ստացել են շատ հաշմանդամներ, բայց այսօր շատերից հետ են գանձվում այդ գումարները՝ որպես կեղծ հաշմանդամներ, իսկ զոհված ազատամարտիկների շատ ընտանիքներ դեռեւս սպասում են իրենց հերթին… Ամենեւին չենք ուզում ստվերել հաշմանդամներին եւ նրանց կարիքները, պարզապես մեզ համար վիրավորական է, երբ զոհված ազատամարտիկի ընտանիքը հավասարեցվում է չզոհված (թեկուզ վիրավոր) ազատամարտիկի ընտանիքին»,-նշված է բաց նամակում:
Զոհվածների մայրերին ու այրիներին վիրավորում ու զայրացնում է նաեւ այն հանգամանքը, որ արդեն երկու տարի է` հերթացուցակներում փոփոխություն գրեթե տեղի չի ունենում. «Մեր կառավարությունն ամեն ինչի համար միջոցներ գտնում է, իսկ զոհված ազատամարտիկի ընտանիքի գոնե բնակարանային խղճուկ պայմանների որոշակի բարելավման համար միջոցներ չի գտնում: Բավական է մի տեղ մի փոքր խնայողություն անել (այդպիսի տեղերը անչափ շատ են, չենք ուզում մատնացույց անել), եւ հարյուրավոր ընտանիքների հոգս կարելի է հոգալ»:
Անդրադառնալով «Երկրապահ» կամավորականների միության դիրքորոշմանը`   Ազատամարտի վետերանների միության կանանց խորհրդի նախագահ, զոհվածի մայր Անահիտ Առաքելյանը նշեց, որ 2012թ. մայիսին տեղի է ունեցել «Երկրապահ»-ի հաշվետու ժողովը, որտեղ ներկա են գտնվել ոչ բոլոր զոհվածների ընտանիքները. այսինքն՝ անհատ մարդիկ, որոնք նրանց կողմից հրավեր են ստացել. «Գեներալ Մանվել Գրիգորյանի տեղակալը ամբիոնից հայտարարեց, որ էսքան մլն դրամ է իջեցվել Գյումրու «Երկրապահ» կամավորականների միությանը, որ օգնեն զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Նույնը հաստատել է Գյումրու կառույցի նախագահը, ում ես չեմ էլ ճանաչում, որ այո՛, այսքան գումար իջեցվել է: Զոհվածների ընտանիքներից մենք ենք նաեւ, խնդրեմ, կարող եք տեղեկանալ՝ արդյոք ստացել ենք որոշակի գումարներ, թե ոչ»:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս