«Քաղաքապետարանը ողջունում է մասնավոր հատվածի մասնակցությունը մայրաքաղաքի զարգացման ծրագրերին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոց»-ի շինհրապարակ, ծանոթացել կառույցի շինարարական աշխատանքների ընթացքին: Երևանի Ծովակալ Իսակովի պողոտա 27/8 հասցեում կառուցվող մարզա-առողջարարական համալիրը նախատեսված է ավելի քան 1000 սաների և շուրջ 500 հանդիսատեսի համար: Դպրոցը կառուցվում է Մոսկվայի «ՄոնԱրխ» ընկերությունների տնoրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանի անձնական միջոցներով և նվիրաբերվելու է Երևան քաղաքին: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 5 մլն դոլար: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ մարզադպրոցի կառուցման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Արդեն ավարտվել են երկաթբետոնե կմախքի իրականացման աշխատանքները, արտաքին և ներքին  պատերի շարվածքի, սահադաշտի տանիքի մետաղական ֆերմաների մոնտաժային աշխատանքները: Նշվել է նաև, որ այս պահին իրականցվում են ծածկի սենդվիչների մոնտաժային աշխատանքները, զուգահեռ կատարվում են շենքի ճակատի երեսպատման և ներքին հարդարման, ինչպես նաև ինժեներական աշխատանքները: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2014թ.-ի հունիսին մեկնարկած շինարարական աշխատանքներն արդեն այս աշնանն ամբողջությամբ կավարտվեն, և մարզական կառույցը կհանձնվի շահագործման ու իր կարևոր դերակատարումը կունենա հայկական գեղասահքի զարգացման հարցում:

«Երևանում ձմեռային մարզաձևերի դպրոց ունենալու անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում, քանի որ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող մարզադպրոցը, ըստ էության, քայքայվել էր թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես: Դրա վերականգնումը բավական մեծ ծախսեր էր պահանջում և համայնքային բյուջեի միջոցներով այն վերականգնել իրականում հնարավոր չէր: Եվ այս տեսանկյունից իսկապես ողջունելի էր հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի պատրաստակամությունը՝ իր միջոցներով Երևանում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան մարզա-առողջարարական համալիր, որը կնվիրաբերվի Երևան համայնքին ու կգործի որպես ձմեռային մարզաձևերի դպրոց: Հիմնարկեքի օրից մեկ տարի է անցել և, ինչպես տեսնում եք, խոշոր շինարարական աշխատանքները հիմնականում ավարտված են, և արդեն այս տարվա աշնանը համալիրն ամբողջությամբ պատրաստ կլինի ու կհանձնվի շահագործման: Կարծում եմ՝ հիշում եք, որ այս համալիրի հիմնարկեքին մասնակցում էր նաև գեղասահքի օլիմպիական չեմպիոն, աշխարհահռչակ Իրինա Ռոդնինան, ով սիրով խոստացավ ըստ ամենայնի աջակցել մարզադպրոցի կայացմանը: Ու հաշվի առնելով, որ նա նաև իր ակտիվ ու անմիջական մասնակցությունն է ունեցել այս մարզադպրոցի կառուցման հարցում, մենք էլ մեր հերթին նախատեսում ենք մարզադպրոցն անվանակոչել Իրինա Ռոդնինայի անունով»,- ընդգծել է քաղաքապետը:

Կարևորելով մասնավոր հատվածի հետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար և ողջունում է մասնավոր հատվածի մասնակցությունը Երևանի զարգացման ծրագրերին:

«Այս ծրագիրը կյանքի կոչվեց Հանրապետության Նախագահի ցուցաբերած հետևողականության շնորհիվ, որի արդյունքում ժամանակակից բոլոր չափորոշիչներին համապատասխանող այս կառույցը կդառնա թե’ Երևանի, և թե’ ամբողջ հանրապետության համար անհրաժեշտ ու կարևոր մարզադպրոց: Սա նաև Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից մեկն է, որի համար իմ և մեր բոլոր համաքաղաքացիների անունից շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենակից Սերգեյ Համբարձումյանին: Կարծում եմ՝ սա նաև լավագույն ապացույցներից մեկն է, որ Երևանը բոլոր հայերի տունն է, և յուրաքանչյուրն իր ներդրումով նպաստում է, որ հնարավորին շուտ ունենանք բոլորիս ավելի լավ Երևանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:




Լրահոս