ՊԱՀՄՏՈՑԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը հայտարարել է թիվ 35 ընտրատարածքում կայանալիք ԱԺ լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ական Արման Սահակյանի թեկնածությունը սատարելու մասին: Նշենք, որ այստեղ իր թեկնածությունն է առաջադրել նաեւ ՀԱԿ Գյումրու կառույցի ղեկավար, ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը: Փաստորեն, մի կողմից ԲՀԿ-ն համագործակցում է ընդդիմության հետ, մյուս կողմից ՀՀ երկրորդ քաղաքում համայնքապետը սատարում է իշխանության ներկայացուցչին: «Ինձ համար այդ որոշումն ամենեւին էլ անակնկալ չէ եւ ոչ էլ մտահոգիչ է: Սա տեղավորվում է վերջին մի քանի ամիսներին Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների՝ մեր մեկնաբանությունների տրամաբանության համատեքստում: Կարծում եմ՝ սրանից ես ոչ թե կկորցնեմ, այլ անգամ կշահեմ. այդ որոշումն ինձ քվե կբերի: Իսկ մնացածը ԲՀԿ ներկուսակցական խնդիրն է, իրենց կուսակցության ներսում թող ճշտեն»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Մուրադ Գրիգորյանը՝ ակնարկելով այն փաստը, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններում էլ Բալասանյանին սատարում էր ՀՀԿ-ն: Ի դեպ, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը երեկ ինտերնետային լրատվամիջոցներով հայտարարել է, թե դա Բալասանյանի ու ԲՀԿ տարածքային կառույցի որոշումն է: Նշենք, որ ՀՀԿ-ական թեկնածուին սատարելու մասին հայտարարել է ԲՀԿ թիվ 35 ընտրատարածքի խորհուրդը, այլ ոչ թե քաղաքային կամ մարզային կառույցը: Ավելին, ըստ որոշ տեղեկությունների՝ ԲՀԿ-ի՝ ոչ բալասանյանական թիմը կտրականապես հրաժարվել է աջակցել ՀՀԿ-ական Արման Սահակյանին:




Լրահոս