ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ն ինչ արդյունք է ակնկալում սկսած կոնսուլտացիաներից, ասաց, թե ինքը կգնա գուշակի մոտ, որպեսզի մեր հարցի պատասխանն իմանա:
-Պարո՛ն Ախոյան, տարբեր ԲՀԿ-ականներ հայտարարեցին, որ իրենց խորին համոզմամբ՝ նախագահական ընտրություններում անպայման պետք է իր թեկնածությունն առաջադրի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ի վերջո, ԲՀԿ-ականներն այդ համոզումը փոխանցե՞լ են նրան:
-Մենք եղել ենք մարզերում տիկին Զոհրաբյանի հետ միասին, կոնկրետ ես եղել եմ Գյումրիում, Արթիկում, եւ իսկապես բոլորը միահամուռ ասում են, որ այդպես պետք է լինի: Բայց վերջնական արդյունքներն ամսվա վերջին նոր կդնենք քննարկման:
-Բայց Դուք ԲՀԿ առաջնորդին փոխանցե՞լ եք, որ բոլորը միահամուռ ցանկանում են, որ ինքը դառնա ՀՀ նախագահ:
-Իհարկե, ո՞նց կարող է չփոխանցենք, ասել ենք, բայց ասենք էդ վերջնական որոշման համար ժամանակ է դրված, պետք է քննարկվի: Այո՛, այդպիսին է տրամադրվածությունը:
-Իսկ Գագիկ Ծառուկյանն ինչպե՞ս է տրամադրված, երբ փոխանցում եք, որ ՀՀ քաղաքացիները մեծ ցանկություն ունեն, որ ինքն առաջադրի իր թեկնածությունը:
-Ես չգիտեմ, դա հարցրե՛ք պարոն Ծառուկյանին, ինքը ասել է, չէ՞, որ կհայտարարի, երբ որ որոշում կայացվի, մենք դրա մասին կհայտարարենք:
-Տեղեկություններ շրջանառվեցին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը երկրից դուրս հանդիպել են, քննարկել, որ իրենք միմյանց հետ որեւէ խնդիր չունեն: Այդ դեպքում ԲՀԿ-ի խնդիրը ո՞րն է:
-Գիտեք, այնպիսի հարց եք տալիս, որ ամենաքիչը մարդ պետք է Նոստրադամուս լինի, որ Ձեր հարցերին պատասխանի: Դուք նենց հարց եք տալիս, ախր ես որտեղի՞ց կարող եմ իմանալ կամ նման հարցերի պատասխանել:
-Լավ, ի վերջո, ԲՀԿ-ն Քոչարյանի՞ հետ խնդիրներ ունի, թե՞ Սերժ Սարգսյանի:
-ԲՀԿ-ն ոչ մեկի հետ էլ խնդիր չունի, ԲՀԿ-ն ունի քաղաքական կուրսեր եւ դրա մասին բազմիցս հայտարարել է, համարձակ խոսում է:
-Իսկ կոնկրետ Սերժ Սարգսյանի՞:
-Չունի ոչ մեկի հետ:
-Այդ դեպքում ԲՀԿ-ն ինչի՞ է սպասում, եթե ոչ մեկի հետ խնդիր չունի, անգամ Սերժ Սարգսյանի, ինչո՞ւ չի սատարում նրան:
-Դա էլ ռազմավարություն է, կգա օրը՝ կպատասխանենք: Դուք ըտենց անընդհատ գուշակություններ անելով կամ ասենք հարցեր տալով… ախր տենց չի կարելի, էլի՛: Դուք այնպիսի հարցեր եք տալիս՝ ո՞վ այսօր անձնական խնդիր ունի մեկը մեկի հետ… ոչ մի անձնական խնդիր էլ չունենք: Այսօր կա քաղաքականություն, բոլորն էլ շահագրգռված են, որ երկիրն ավելի լավ կառավարվի, ավելի լավ արվի ժողովրդի համար: Թե չէ էդ անձնական բաները թողե՛ք:
-Այսինքն՝ Ս. Սարգսյանի հետ անձնական խնդիր չկա, բայց նրան սատարելու հետ կապված ի՞նչ խնդիր կա:
-Ոչ մի խնդիր չկա, կգա օրը՝ կհայտարարենք, կիմանաք: Էսքանը, լա՞վ:
-Բայց անհասկանալի է, թե այդ դեպքում ինչու է ԲՀԿ-ն ,պոչ խաղացնումե, եթե որեւէ խնդիր չունի որեւէ մեկի հետ, առավել եւս՝ այն մարդու հետ, ում հետ հուշագիր է ստորագրել նախագահական ընտրություններում սատարելու համար:
-Բայց ինչո՞ւ է “պոչ խաղացնում”, ինչո՞ւ եք նման որակավորում տալիս, ինձ թվում է՝ բոլորն են մեր քաղաքական դաշտում “պոչ խաղացնում” ինչ-որ մի ժամանակ, եթե դա կարելի է ,պոչ խաղացնելե կոչել: ԲՀԿ-ն ի՞նչ վիճակում է հայտնվել, ԲՀԿ-ն շատ լավ վիճակում է, ոչ մի խնդիր չունի:
-Նշվում է նաեւ, որ ԲՀԿ-ի այսօրվա միակ խնդիրն այն է, որ ՕԵԿ-ի կարգավիճակում չհայտնվի՝ դառնալով ՀՀԿ-ի “արբանյակը”:
-Եկե՛ք թողնենք այդ համեմատությունները ՕԵԿ-ի, սրա, նրա հետ: Մենք այս տարիների ընթացքում մեր կուրսի մասին խոսել ենք, ասել ենք մեր պահվածքով: Տեսա՞ք՝ մի քանի օր առաջ երիտասարդների համար համերգ էր կազմակերպվել, թե ինչ կարգավիճակում ինչ կլինի, մենք կմտածենք՝ կասենք, ոչ մեկը թող մեր մասին շատ չմտածի, լա՞վ:
-Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում ԲՀԿ-ի կողմից իրականացվող կոնսուլտացիաներին:
-Ես հենց հիմա կգնամ բախտագուշակի մոտ, ու կորոշենք, թե ինչ է լինելու: Ի՞նչ իմանամ՝ ինչ է լինելու, կլինի՝ կասենք: Չեմ ուզում որեւէ բան ասել:
-Մեր տեղեկություններով՝ 3 օր առաջ ,կոնյաչնիումե ԲՀԿ-ականները հանդիպել են ու բուռն քննարկումներ ունեցել, որի ժամանակ անգամ “լեզվակռիվ” է եղել նրանց միջեւ…
-Նման հանդիպում չի եղել, ես տեղյակ չեմ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ