Նախընտրական հիմնական բլեֆն արդեն հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եվ այսպես` նախընտրական  հիմնական բլեֆն արդեն հայտնի է. մինչեւ 2025 թ. հայրենի կառավարությունը պատրաստվում է ստեղծել 250 հազար նոր աշխատատեղ: Այդ մասին երեկ Ազգային ժողովում հայտարարեց  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ  կառավարությունը մշակել է  “կայուն զարգացման նոր ծրագիր”:  Թե իր վարչապետության  հինգ տարիների ընթացքում քանի նման ծրագիր, ռազմավարություն ու հայեցակարգ է մշակել Տիգրան Սարգսյանը, դժվար է ասել, սակայն դրանցից հատկապես մի քանիսը` Գյումրին “նավահանգստային կենտրոն”, Դիլիջանը` տարածաշրջանային Դավոս, իսկ Ջերմուկն էլ` երկրորդ Կուրշավեյլ դարձնելու  ուտոպիկ զառանցանքները հանրությունը դեռ չի մոռացել:  Այնպես որ, այս հերթական “ծրագրի” մասին դատողություններ անելիս` արդեն իսկ պետք է  հաշվի առնել Տիգրան Սարգսյանի մտքի անզուսպ թռիչքն ու անսպառ երեւակայությունը: Ընդ որում, կոնկրետ այս` 250 հազար աշխատատեղերի ծրագրի դեպքում,  դա առավել քան անհրաժեշտ է, քանի որ եթե կառավարությունն ի վերջո իրականացնի այս ծրագիրը, ապա  փաստորեն,  մինչեւ 2025 թվականը պետք է Հայաստան ներգաղթեն  շուրջ 170 հազար սփյուռքահայ կամ օտարերկրացի գործազուրկներ: Բանն այն է, որ ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում այսօր կա ընդամենը 80 հազար գործազուրկ, հետեւաբար, նրանց աշխատանքի տեղավորման հարցը լուծելով` կառավարությունը ստիպված պետք է ձեռնամուխ լինի ” Արի գործի” նոր ծրագրի իրականացմանը, որպեսզի կարողանա  ապահովել  250հազար աշխատատեղի պահանջարկ: Աբսու՞րդ է: Ոչ ավելի, քան Տիգրան Սարգսյանի վերը նշված մնացած ծրագրերը: 
     
Սակայն    եթե փորձենք մի պահ այնուամենայնիվ լուրջ ընդունել Տիգրան Սարգսյանի ներկայացրած  թվերը, ապա ստացվում է, որ 2014-2025 թթ. ընթացքում կառավարությունը պետք է ստեղծի 240 հազար աշխատատեղ, քանի որ մնացած 10  հազարը, ինչպես արդեն գիտենք, ստեղծվելու է հաջորդ տարի: Եվ ստացվում է, որ  ըստ կառավարության 2012-2017 թթ. ծրագրի` 2014-2017 թթ` այսինքն  չորս տարվա ընթացքում,  ստեղծվելու է 90 հազար աշխատատեղ, իսկ ահա հաջորդող`2018-2025  թթ` այսինքն` 8 տարվա ընթացքում, կառավարությունը ստեղծելու է ընդամենը 150 հազար աշխատատեղ: Եթե 150 հազարը բաժանում ենք 2-ի` ստացվում է 75 հազար, այսինքն` կառավարությունը գնալով ավելի վատ է աշխատելու ու ավելի քիչ աշխատատեղեր է բացելու: Բայց դա, վստահաբար, այս պահին Տիգրան Սարգսյանին այնքան էլ չի հուզում, մանավանդ որ` դժվար թե շատերը խորանան նման հաշվարկների մեջ, կարեւորն այն է` որ  ներկայացված  250 հազարը լավ է հնչում: Եվ հետո, մինչեւ 2025 թիվն ով մեռնի, ով կենդանի մնա: 




Լրահոս