Ովքե՞ր պատասխանատվություն կկրեն Բաղրամյան պողոտայում աղբամանները տեղաշարժելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  (ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս)` «Սանիթեք» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։

ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժնից հունիսի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են «Սանիթեք» ՍՊԸ-ին գույքային վնաս պատճառելու վերաբերյալ ընկերության ներկայացուցիչ Ա. Կարապետյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը։

ՍՊԸ-ի ներկայացուցիչը, մասնավորապես, գրավոր հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2015 թվականի հունիսի 23-ին անհայտ անձը կամ անձինք տարհանել և Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա են տեղափոխել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներում տեղադրված, «Սանիթեք» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին պատկանող թվով 41 աղբամանները, դրանք օգտագործել որպես արգելապատնեշ միջոցներ` այդպիսով ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: Քրեական գործով որոշում է կայացվել առգրավել Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող և որպես արգելապատնեշ օգտագործվող, նշված ընկերությանը պատկանող 41 հատ աղբամանները:

Armlur.am-ի հետ զրույցում «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը, ով աղբամանները տեղափոխելիս Բաղրամյան պողոտայում է եղել, նշեց, որ տեղաշարժողը ժողովուրդն է եղել, իսկ դա անվտանգության նկատառումներից ելնելով է իրականացվել. «Աղբամանները դրվել են մարդկանց պրովոկացիաներից պաշտպանելու համար: Եթե աղբամանները վնասվել են, ընկերությանը վնաս է հասցվել, խնդիր չկա, դատարանն ինչ պետք է կպարզի` ով է ճիշտ, ով սխալ»:
Արմեն Մկրտչյանի խոսքով, իրենք կսպասեն դատարանի որոշմանը:

Ոստիկանության լրատվական բաժնից Armlur.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ իրականացվում են օպերատիվ քննչական գործողություններ` ուրիշի գույքը ոչնչացնողներին հայտնաբերելու ուղղությամբ: Նշենք, որ քրեական գործով որոշում է կայացվել առգրավել Բաղրամյան փողոցում գտնվող և որպես արգելապատնեշ օգտագործվող, «Սանիթեք»-ին  պատկանող 41 հատ աղբամանները։ Որոշման կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, սակայն աղբամանները դեռևս Բաղրամյան պողոտայում են:




Լրահոս