Ակնաբուժական նոր ծառայություն` Տավուշի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հուլիսի 8-ին ծանոթացավ   Տավուշի մարզի Իջևանի բժշկական կենտրոնում «Հայկական Ակնաբուժության Նախագիծ»  բարեգործական հիմնադրամին նախաձեռնությամբ ստեղծվող ակնաբուժական նոր ծառայության գործընթացին:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց արտահիվանդանոցային ծառայություն  մատուցող զննման սենյակ, ինչպես նաև    վիրահատարան, որը նորագույն սարքավորումներով  համալրվելուց հետո կգործի առաջիկայում:

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հիմնադիր և նախագահ Ռոջեր Օհանեսյանը ներկայացրեց նորագույն սարքավորումների հնարավորություններն ու  առավելությունները: Զննման սենյակում տեղադրված սարքը «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից հագեցվել  է որակյալ տեղական և միջազգային տեսակապ ապահովող տեխնիկական լուծումներով, որը հնարավորություն կտա  իրականացվող վիրահատություններն անցկացնել Հայաստանի, ինչպես նաև արտերկրի փորձառու մասնագետների վերահսկողությամբ:

«Այս սարքավորումը  տեխնիկայի վերջին խոսքն է, որի շնորհիվ ակնային խնդիրներ ունեցողները տեղում կստանան համապատասխան բուժօգնություն և  կարիք չի լինի մեկնել մայրաքաղաք»,- նշեց Ռոջեր Օհանեսյանը: Նա ուրախությամբ փաստեց, որ Իջևանի ակնային ծառայությունն առաջին է  նախանշված մարզային հինգ  կենտրոններից, որը  կարող է օրինակ ծառայել մյուսների համար:

ՀԱՆ հիմնադիրը և նախագահը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում ծնվեց մարզերում ակնաբուժական կենտրոններ ստեղծելու գաղափարը, որը երկար տարիների քննարկումների և նախաձեռնած քայլերի շնորհիվ ներկայումս իրականություն է դարձել:  Նա վստահեցրեց, որ համագործակցությունը կլինի շարունակական, և համատեղ ուժերով բազում այլ ծրագրեր կյանքի կկոչվեն` ի նպաստ առողջապահական համակարգի զարգացման:  Ռոջեր Օհաննեսյանը նոր  ծառայության  ստեղծման գործընթացում անմիջական մասնակցության համար բարձր գնահատեց ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի կատարած աշխատանքը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՆ-ի ողջ անձնակազմին և միջոցառմանը ներկա բարերարների ընտանիքի ներկայացուցիչ Պիտեր Բոյաջյանին` Իջևանում ակնաբուժական ծառայություն ստեղծելու գաղափարը կյանքի կոչելու  և հայրենասիրական աշխատանքի միջոցով մարզերում բուժօգնությունը հասանելի դարձելու համար:




Լրահոս