ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: 
Նիստի ընթացքում քննարկվել են և հավանության արժանացել նույն օրը կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը, որոնք միտված են ՀԱՊԿ և դրա շրջանակներում համագործակցության առավել ամրապնդմանը:
Նախարարներն անդրադարձել են մինչև 2020 թ. ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթերի նախագծերի, արտակարգ իրավիճակներում հավաքական արձագանքի համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ-ում Ուզբեկստանի անդամակցությանը, Աֆղանստանում իրավիճակի զարգացման վերաբերյալ կանխատեսումներին:
ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են կազմակերպության գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցը, տեղեկատվական բնագավառում համագործակցության, կազմակերպչական և ֆինանսական հարցերը, ինչպես նաև համաձայնեցրել ՀԱՊԿ կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:
Հանդիպման օրակարգում եղել են հաջորդ տարի նախատեսվող ՀԱՊԿ-ում Ղրղըզստանի նախագահության առաջնահերթությունները, նաև հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման, ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության օպտիմալացման, ահաբեկչության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, արտակարգ իրավիճակներին արձագանքման հարցերը:
Համատեղ նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացվել են Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը:
Նիստի ավարտին ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղրղըզստանն։
 




Լրահոս