Մեր տնօրենը բութ գործիք է. բորբոքված նաիրիտցիները կառավարության առջև են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին կառավարության դիմաց են հավաքվել Նաիրիտ գործարանի աշխատակիցները: Նրանք դժգոհ են, որ կառավարությունը չի կատարում իր տված խոստումը` մինչ ամսի 15-ը վճարել իրենց աշխատավարձերը:

Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը` նաիրիտցիներին զայրացրել է այն հանգամանքը, որ իրենց ստիպում են ստորագրել մի համաձայնագիր, ըստ որի` աշխատավարձերը ստանալուց հետո իրենք չեն դիմելու դատարան` տույժ և տուգանքների ստացման նպատակով:

Նաիրիտ գործարանի արտադրության պետ Սամվել Հովհաննիսյանը Armlur.am-ի զրույցում ասաց, որ այդ համաձայնագրերի ստորագրումը նպատակ ունի մասնատել նաիրիտցիներին, քանի որ մի մասը ստորագրելով դրանք, հանգիստ կլինի, որ կստանա աշխատավարձը և այլևս չի պայքարի, իսկ մյուս մասը` ընդհանրապես չի ստանա իր աշխատավարձը:

Նաիրիտցիները արդեն իրենց աչքի առջև ունեն Արմավիայի օդաչուների նմանատիպ դեպքը:

«Մեր փողերը թող իրենք տան առանց պայմանների, և մենք տույժ ու տուգանքների համար դատարան չենք դիմի»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը:

Իսկ Armlur.am-ի հարցին, թե այս հարցի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, Սամվել Հովհաննիսյանը պատասխանեց, որ տնօրենը պարզապես բութ գործիք է, և իրեն ինչպես ուզում, օգտագործում են:

«Եթե տնօրենը իրոք անհանգստանար Նաիրտի մասին` նա աշխատակիցների կողքին կլիներ, ոչ թե կառավարության ցանկությունները կկատարեր»,- ասաց արտադրության պետը:




Լրահոս