ՀՀ Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովին, Էկոնոմիկայի նախարարության եւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչներին առաջարկել է բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են կազմակերպում, դրանք առավոտյան ժամերի տեղափոխելու շուրջ, քանի որ այդ տարաժամ թռիչքները անհարմարություն են ստեղծում զբոսաշրջիկների համար:
Ինչ խոսք` Կառավարության ղեկավարի մտահոգությունը միանգամայն տեղին է, եւ այդ հանգամանքը, իրոք, վնասում է զբոսաշրջությանը: Տարակուսելի է, որ միեւնույն ժամանակ չի բարձրացվում ավիատոմսերի շուկայում տիրող խայտառակ վիճակը շտկելու հարցը: Ի վերջո, այսօր զբոսաշրջությանը շատ ավելի մեծ վնաս են հասցնում ոչ թե ուշ կամ կանուխ թռիչքները, այլ ավիատոմսերի սարսափելի բարձր գները: Եթե տարիներ առաջ հայաստանցիների մի մասն էր մեկնում Թբիլիսի` այնտեղից այս կամ այն արտերկիր թռչելու, ապա այսօր դա արդեն համատարած բնույթ է կրում: Ի վերջո, մարդիկ պատրաստ են անգամ լրացուցիչ անհարմարավետություն կրել` Երեւանից մի քանի ժամյա ճանապարհ կտրելով դեպի Թբիլիսի եւ հակառակը, սակայն փոխարենը վճարել գրեթե եռակի պակաս գումար նույն ավիատոմսի համար:
Տարիներ շարունակ ՀՀ-ի ավիաշուկայում առկա բոլոր խնդիրները կապվում էին ազգային փոխադրողի` «Արմավիայի» վատ կառավարման հետ: Եվ երբ ահռելի գերշահույթներ ստացող այդ ընկերությունը, այնուամենայնիվ, որոշվեց սնանկ ճանաչել եւ անցնել «բաց երկնքի» քաղաքականության, իշխանությունները ոգեւորված հայտարարում էին, թե այդ «կարեւորագույն բարեփոխման» արդյունքում Հայաստանում ավիատոմսերի գները շեշտակի էժանանալու են:
Նման բան, սակայն, տեղի չունեցավ: Փոխարենը շեշտակի ընկավ հայկական ավիաշուկա մուտք գործած ընկերությունների առաջարկած ծառայությունների որակը: Եվ եթե նախկինում մենք ունեինք թանկ, բայց քիչ թե շատ տանելի որակի ավիասպասարկում, ապա այսօր ունենք ոչ միայն գերթանկ, այլեւ անորակ սպասարկում` սկսած օդանավերի հարմարավետությունից, ավարտած դրանցում պարբերաբար բնույթ կրող «Լեզվի մասին ՀՀ օրենքի» խախտումներից: Իսկ բազմաթիվ չվերթներում ուղեւորներին մատուցվող սնունդը վճարովի դարձնելու նորամուծության մասին էլ չենք խոսում, ինչը գուցե կարող էր ընդունելի լինել, եթե դրա արդյունքում ավիատոմսերի գները կոնկրետ սնունդ չցանկացող ուղեւորների համար ավելի էժան լինեին:Դա, սակայն, այդպես չէ:
Միով բանիվ, ՀՀ-ի ավիածառայությունների ոլորտը հիմնովին բարեփոխելու կարիք կա, եւ լավ կլինի, որ ՀՀ իշխանություններն արագ զբաղվեն այդ հարցով, քանի դեռ ուկրաինական ավիաշուկայի բարեփոխմամբ զբաղվող Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հերթական անգամ ցույց չի տվել, որ որեւէ ոլորտ բարեփոխելու համար բավարար է ընդամենը մեկ չկոռումպացված պաշտոնյայի քաղաքական կամքը: