«Հայազն» կուսակցությունը կտրականապես մերժում է Սերժ Սարգսյանի նախապատրաստած սահմանադրական փոփոխությունը, որի ակնհայտ և միակ նպատակն է գործող վարչակարգի կողմից յուրացված իշխանության մշտական վերարտադրությունը: Մերժում ենք նաև պարտադրված ընտրությունը գործող սահմանադրության և առաջարկվող փոփոխությունների միջև և հանդես ենք գալիս Հայաստանի սահմանադրության արմատական փոփոխության օգտին:
Ներկայացված նախագծի բովանդակությունը, սակայն, ոչ մի աղերս չունի ազգային պետության կերտման սկզբունքների հետ: Մերժելի է նաև սահմանադրության ընդունման կարգը: Օրինական կլինի միայն այն սահմանադրությունը, որը կծնվի սահմանադիր ժողովում` տևական հրապարակային քննարկումների և դրանց շնորհիվ ձևավորված ազգային ամենալայն համաձայնության արդյունքում։
«Հայազնը» միշտ պատրաստ է սահմանադիր ժողովի և հայ հանրության քննությանը ներկայացնել ազգային սահմանադրության իր տարբերակը, սակայն որևէ իմաստ չի տեսնում Սերժ Սարգսյանին կամ նրա հանձնաժողովին դրանք ներկայացնելու մեջ։
Մենք վստահ ենք, որ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է այս նախագծին, թեկուզ միայն այն պատճառով, որ այն առաջ են մղում տարիներ շարունակ իշխանությունը յուրացրած, երկիրը թալանած ու մեր ինքնիշխանությունը վաճառած անձը և կուսակցությունը: Հնարավոր է, որ սպասվող հանրաքվեն վերաճի իշխող վարչախմբին և անձամբ Սերժ Սարգսյանին անվստահության համազգային ակտի:
Ուստի «Հայազնը» պատրաստ է պաշտպանել ժողովրդական կամարտահայտության արդյունքները և կոչ է անում ՀՀ քաղաքացիներին և բոլոր առողջ ուժերին համագործակցել այս գործում և ձևավորել հանրաքվեի ընթացքը վերահսկող ազգային համակարգ: Վստահ ենք, որ Սերժ Սարգսյանի և Հանրապետականի իշխանության շուտափույթ տապալումը անխուսափելի է հանրաքվեի ցանկացած արդյունքի և քաղաքական համակարգի ցանկացած մոդելի պայմաններում: