ՀԻՄՆԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ՝ ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախ Հայաստանի պատմության մեջ նախագահական ընտրություններն անցկացվելու են աննախադեպ իրավիճակում: Քաղաքական դաշտում հիմնական դերակատարություն ունեցող ուժերից միայն իշխող ՀՀԿ-ն է մասնակցում ընտրություններին: Մյուս հիմնական ուժերը հրաժարվել են ընտրություններին որեւէ ձեւաչափով մասնակցելուց՝ ազատ դաշտ բացելով Սերժ Սարգսյանի վերարտադրության համար:
Ե՛վ ԱԺ-ում իր մեծությամբ երկրորդ ուժը հանդիսացող ԲՀԿ-ն, ե՛ւ ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը, ե՛ւ սփյուռքում ամենամեծ տարածում ունեցող, ավանդական կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, հայտարարել են, որ ո՛չ թեկնածու են առաջադրելու, ո՛չ էլ որեւէ մեկին են սատարելու: Նախկինում ՀՀ նախագահի ընտրություններն անցել են բավական թեժ, եղել են մրցակցային: Ընդ որում, ընդդիմությունն ընտրություններին մասնակցել է գրեթե ողջ սպեկտորով: Իսկ այսօր ստեղծված իրավիճակը, թերեւս, գալիս է ապացուցելու, որ Հայաստանի քաղաքական դաշտում ինչ-որ բան այն չէ. քաղաքական դաշտ՝ որպես այդպիսին, գոյություն չունի, իսկ ընտրությունները վաղուց ի վեր դարձել են պարզապես ձեւական միջոցառում: Առաջին հայացքից այս երեք ուժերի որոշումը հեշտացրել է Սերժ Սարգսյանի ընտրվելը նախագահի պաշտոնում: Սակայն, մյուս կողմից, Ս. Սարգսյանին թողնելով առանց մրցակցության, ավելի ճիշտ՝ թողնելով նրան մրցել էպոսագետի, նախագահի հավերժ թեկնածու Արամ Հարությունյանի կամ Արման Մելիքյանի հետ, ըստ էության, արժեզրկում են այդ հաղթանակը եւ փետրվարի 18-ին կայանալիք միջոցառումը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ այս երեք քաղաքական ուժերի որոշումը վկայում է երկրում ստեղծված իրավիճակի մասին, այն էլ՝ բացասական առումով: «Իշխանությունը ստեղծել է մի վիճակ, երբ հաջողության հասնելն անպայման կապվում է ցնցումների հետ, եւ այս պահին դրա նպատակահարմարությունը ոչ մի քաղաքական ուժ չտեսավ: Որոշ քաղաքական անհատներ տեսան, իսկ քաղաքական ուժերը՝ ոչ»,-նշեց նա՝ վստահեցնելով, որ այս որոշումն իր հետեւանքները կունենա քաղաքական դաշտի վրա: Սակայն ՀՅԴ ներկայացուցիչն առայժմ չի ցանկանում խոսել հետեւանքների մասին:
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը եւս անբնական համարեց այն հանգամանքը, որ ընտրություններին չեն մասնակցում քաղաքական դաշտի հիմնական ուժերը: «Երբ Հայաստանում այդ երեք քաղաքական ուժերն առանց միմյանց հետ պայմանավորվելու հրաժարվում են ընտրություններին մասնակցելուց, նշանակում է՝ ինչ-որ բան այն չէ: Այդ իրավիճակը եթե ոչ վտանգավոր, ապա առնվազն անբնական է,-նշեց Իգիթյանը՝ հավելելով, որ այս իրավիճակը շարունակվելու դեպքում հետեւանքները կարող են լինել բավական վատ,-հասարակության կողմից ընտրությունների հանդեպ արհամարհանքն ու ընդդիմադիր ուժերի բացակայությունը կարող է բերել մի վիճակի, երբ իշխանությունը հիմնական ընդդիմություն կունենա ոչ թե կոնկրետ քաղաքական ուժի, այլ հասարակությանը»: Ըստ Իգիթյանի՝ եթե այս երեք ուժերից որեւէ մեկն առաջադրվեր, ապա բավական կդժվարացներ ընտրակեղծիքների գնալու՝ իշխանությունների ջանքերը: Բայց, անկախ այդ ամենից, իշխանությունները լեգիտիմ չեն: «Խնդիրը ոչ թե առաջադրվել-չառաջադրվելու, այլ այս ընտրական համակարգի մեջ է, որը կիրառվեց 2008թ., հետագայում՝ ԱԺ ընտրությունների ժամանակ, հստակեցվեց ու «բյուրեղացվեց»: Իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք իրենց մեթոդներից չեն հրաժարվելու եւ այն կիրառելու են նաեւ այս անգամ»,-ասաց Իգիթյանը:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նշեց, թե երեք քաղաքական ուժերի որոշումը վկայում է քաղաքական դաշտում «ինչ-որ բանի առկայության մասին»: Սակայն նա չցանկացավ մանրամասնել կարծիքը՝ մեկնաբանելով. «Իմ աշխատանքային դիրքով կաշկանդված եւ սահմանափակված եմ տալու այդ հարցի պատասխանը»:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս հարցը դիտարկեց մեկ այլ տեսանկյունից. «ԱՊՀ երկրներում մեր աչքի առաջ գնում է ազդեցությունների վերաբաշխման գործընթաց. արեւմուտքը ցանկանում է իր ազդեցությունը, դիրքերն ընդլայնել այս տարածքում, այդ թվում՝ Հայաստանում, ՌԴ-ն էլ չի ցանկանում զիջել իր դիրքերը: Եթե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն մասնակցեին ընտրություններին, ապա Հայաստանում ստեղծված ընտրակեղծիքների, նկարչության  պայմաններում նրանք պարտվելու էին, իսկ այդ դեպքում դուրս էին գալու քաղաքական դաշտից, ու դաշտն անցնելու էր Ս. Սարգսյանի լիակատար մենաշնորհի տակ: Արդյունքում՝ գործող նախագահն անելու էր, ինչ ցանկանում է: Ընտրություններին չմասնակցելով՝ կանխվեց հենց այդ հեռանկարը»: Իսկ այս իրավիճակում, ըստ Բադալյանի, Ս. Սարգսյանի ձեռքերը կապված են. «Ս. Սարգսյանի գործերը հեշտացել են միայն թվանկարչության առումով, բայց հետագա գործընթացների առումով նրա վիճակը գնալով վատանալու է»: Այլ կերպ ասած՝ սա ընդամենը ժամանակավոր նահանջ է, որին, հնարավոր է, հաջորդեն լուրջ գործընթացներ, եւ իշխանությունների դեմ իրական պայքարը դեռ հետո է ծավալվելու:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս