ԾԻԾԱՂԵԼԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Galatv.am-ը պարզել է, որ 2010թ. Կանադայում անգլերենով հրատարակվել է «Հայաստանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն» գիրքը, որի շապիկի վրա եւ առաջին էջում որպես գրքի հեղինակ է ներկայացված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` մեծադիր լուսանկարով: Galatv.am-ը փորձել է ճշտել, թե ինչի մասին է գիրքը, որի մասին Հայաստանում շատերը տեղյակ չեն, ինչ նպատակ է ունեցել հեղինակը, եւ արդյոք ԲՀԿ-ում տեղյակ են իրենց առաջնորդի հեղինակած գրքի մասին: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը խորհուրդ է տվել այդ հարցով դիմել ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակին՝ Իվետա Տոնոյանին: Իսկ վերջինս էլ ասել է, որ Ծառուկյանը ոչ թե գրքի հեղինակն է, այլ հովանավորը: Ըստ Տոնոյանի՝ տեղի է ունեցել թյուրիմացություն, բայց. «Արդեն հրատարակված եղել է, հո նորից չէ՞ր վերահրատարակվելու: Գագիկ Ծառուկյանը եղել է մտքի, գաղափարի հեղինակը եւ հովանավորել է հրատարակչությունը, մնացած աշխատանքներն արվել են Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի կողմից»:
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Գառնիկ Իսագուլյանի ղեկավարած «Ազգային անվտանգություն» կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Գործող նախագահի վերընտրությունից հետո նրա համար բացառիկ հնարավորություն է ստեղծվում պատմական այս ժամանակահատվածում անկաշկանդ գործելու եւ ձեւավորելու այնպիսի իշխանական համակարգ, որն ի զորու կլինի վերադարձնել ժողովրդի հավատը իշխանության նկատմամբ եւ լուծել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած ազգային-պետական կարեւորագույն խնդիրները: «Ազգային անվտանգություն» կուսակցությունը պատրաստ է իր ակտիվ մասնակցությունը բերել անվտանգ, արդար եւ ապահով Հայաստան կերտելու գործին»:
ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Պաշտոնական Բաքուն մտահոգված է եւ ուշադրության կենտրոնում է պահում Ղարաբաղում սիրիահայերի բնակեցման հարցը։ Այդ մասին երեկ Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ «Ազատության» հաղորդմամբ` Նորվեգիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Մամեդյարովն անդրադարձել է նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի խնդրին եւ պնդել, թե Բաքուն դեմ չի լինի օդանավակայանի վերագործարկմանը, եթե դա դառնա խաղաղության համաձայնագրի կետերից մեկը:
ՄՆԱՑ ՀՈՆԴՈՒՐԱՍԸ
Երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Նինիեկ Կուն Նարյաթիին (նստավայրը՝ Կիեւ)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման առթիվ: Նալբանդյանը Նարյաթիի հետ զրույցում նշել է, որ Հայաստանը, կարեւորելով Ինդոնեզիայի հետ հարաբերությունները, նախատեսում է այս տարի դեսպանատուն բացել Ինդոնեզիայում, ինչով նոր լիցք եւ որակ կհաղորդվի երկկողմ փոխգործակցությանը:
ԱԶԱՏԵ՛Ք ՀԱԿ-Ը ԼԱԿՈՏՆԵՐԻՑ
«ՀԱԿ-ը պետք է ազատենք էդ անդաստիարակ լակոտներից»,-«Ա1+»-ին ասել է ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով «Ֆեյսբուք»-ում ՀԱԿ-ից իր հեռացումը պահանջողներին։ Նա «Ֆեյսբուք» չի մտնում, սակայն իր հրաժարականը պահանջողների «մեսիջները» ստացել է։ Մակեյանը նաեւ ասել է, որ ԺՀԿ քաղխորհուրդը երեկ հայտարարություն է ընդունել: «Մենք քննարկեցինք, որ եթե Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեն ճիշտ գնահատել իրավիճակը եւ մեսիջ տան հանրությանը, իրենք հանդես գան մեկ թիմով` իրավիճակը փոխելու եւ իշխանության հասնելու ծրագրով, այդ դեպքում մեր կուսակցությունն ակտիվ կմտնի քաղաքական իրադրության մեջ,-ասել է Մակեյանը` հավելելով,-իսկ կոնկրետ ես ՀԱԿ անդամ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանին անձամբ իմ հնարավորությունների չափով սատարելու եմ: Դա իմ անձնական դիրքորոշումն է»: