«Շենգավիթ» ԲԿ-ի հայտարարությունը ծննդկան Մերի Մարգարյանի մահվան միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շենգավիթ» ԲԿ–ի տնօրինությունը տարածել է հայտարարություն՝ օրեր առաջ տեղի ունեցած մոր և մանկան մահվան մասին.

«Հղի Մերի Վաղինակի Մարգարյան, 26 տարեկան, «Հղիություն 35 – 36 շաբաթական, ձախակողմյան պիելոնեֆրիտ, սուր ռեսպիրատոր հիվանդություն, հղիների անեմիա» ախտորոշմամբ հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ հղիների պաթոլոգիայի բաժանմունք ս. թ. հուլիսի 26-ին, ժամը 16։20-ին, բավարար վիճակում։ Ընդունման պահին հղին գանգատվել է ընդհանուր թուլությունից, ձախ գոտկային շրջանում բութ ցավերից, բարձր ջերմությունից։ Հոսպիտալացման պահից սկսվել է դեզինտոկսիկացիոն, ինֆուզիոն, հականեմիկ և հակաբակտերիալ բուժում։

Հոսպիտալացման հաջորդ օրն առավոտյան հղին գանգատվել է ընդհանուր թուլությունից, հևոցից, հաճախշնչությունից, հազ չի նշել, ջերմությունը եղել է 37,8oC։ Այդ կապակցությամբ քանիցս զննվել է մասնագետների կողմից, իրականացվել են լաբորատոր և թոքերի ռենտգեն–հետազոտություններ, որոնց արդյունքում թոքաբորբ չի հայտնաբերվել։

Քիչ ուշ անալիզներում փոփոխությունների գրանցման կապակցությամբ հրավիրվել է կոնսիլիում, որոշվել է իրականացնել հեպատոլոգի և նեյրոօֆթալմոլոգի խորհրդատվություն։ Վերջինիս զննման արդյունքում կասկածվել է սուբարախնոիդալ արյունազեղում, ինչի պատճառով էլ որոշվել է հղիին տեղափոխել բազմապրոֆիլային բուժհաստատություն` ախտորոշումը հերքելու կամ հաստատելու և հետագա բուժումը կազմակերպելու նպատակով։

Ժամը 15։00 հիվանդը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։ «Շենգավիթ» ԲԿ-ն մինչ քննության ավարտը այսուհետ ևս զերծ կմնա մեկնաբանություններից։ Մենք շահագրգռված ենք փաստերի օբյեկտիվ, անաչառ լուսաբանման և պարզաբանման մեջ։ Տեղի ունեցածի առիթով մենք հայտնում ենք մեր խորը ափսոսանքը և ցավակցում ենք ընտանիքին»։

Հիշեցնենք, որ երեկ մահացավ նաև մահացած ծննդկանի նորածինը, երեկ նշանակվել էր ծննդկանի դիակի դատաբժշկական փորձաքննություն»:




Լրահոս