Գուրգեն Արսենյանը ծխախոտի ներկրմամբ այլևս չի զբաղվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանին պատկանող, դեռեւս 1997 թվականին ստեղծված «Արսօյլ» ընկերությունը, որը զբաղվում էր ծխախոտի ներկրմամբ, այս տարվա սկզբից չի գործում: Անցած 2014 թվականի արդյունքներով՝ այդ ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել էր 13-րդ հորիզոնականը` 6 միլիարդ 709 միլիոն դրամի հարկային վճարումներով: Սակայն խոշոր հարկատուների այս տարվա ցուցակներում «Արսօյլ»-ի անունը բացակայում է: Ավելին՝ գործարար տեղեկատուներում նշվում է, որ «Արսօյլ» ընկերությունը «չի գործում կամ ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը»:

«Ժողովուրդ»-ին օրեր շարունակ չէր հաջողվում զրուցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ, քանի որ վերջինս համառորեն մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում: Երեկ, ի վերջո, մեզ հաջողվեց այս խնդրի հետ կապված մի քանի հարցեր ուղղել պատգամավորին:

-Պարո՛ն Արսենյան, Ձեզ պատկանող «Արսօյլ» ընկերությունը ի՞նչ խնդիրների առաջ է կանգնել, ինչո՞ւ եք այն «փակել», գուցե ընկերությունը Ձեր «ձեռքից» խլե՞լ են:

-Մի՛ անհանգստացեք, ամեն ինչ ներմալ է, ուղղակի դրա տեղը ուրիշ ընկերություն է աշխատում: Այդ հեքիաթային պատկերացումները Ձեզ որտեղից, թե կարող են ինձանից ինչ-որ բան վերցնել, խլել, ինչպես Դուք եք ասում: Մի ընկերության տեղ շարունակում է աշխատել մեկ այլ ընկերություն, հիմա սա չկա, բայց դրա փոխարեն կա ուրիշը: Եթե խոշոր հարկատուների ցուցակն էլ նայեք, ապա կտեսնեք, թե «Արսօյլ»-ի տեղը որ ընկերությունն է զբաղեցնում: Հիմա «Արսօյլ»-ը չի վճարում այդ հարկը, այս մյուս ընկերությունն է վճարում, ես չեմ հասկանում՝ դրանում ի՞նչ տարբերություն եք տեսնում:

-Այսինքն՝ այսուհետ Դուք չե՞ք զվաղվելու ՀՀ-ում ծխախոտի ներկրմամբ, կոնկրետ «Արսօյլ»-ը դադարեցրե՞լ է իր աշխատանքները: Եթե այո, ապա ո՞րն է դրա պատճառը, ի՞նչն է ստիպել նման քայլի դիմել:

-Իհարկե, ներկրմամբ չեմ զբաղվում, այսուհետ լինելու է պահեստից սպառող աշխատանքը, բիզնեսի կոնֆիգուրացիան է փոխվել: Մենք որոշել ենք քչացնել մեր ռիսկերը: Դա նշանակում է, որ ես այլեւս չեմ պատրաստվում հայկական արտարժութային տատանումների հետեւանքով վնասներ կրել, երբ որ, օրինակ, քո պահեստում կա, ասենք, մեկ միլիարդի ապրանք, ու ամսվա ընթացքում քո ազգային արժույքը 14 դրամ արժեզրկվում է, եւ դու 140 միլիոն դրամ կորցնում ես: Ընդ որում, տեսնում ես, որ դրանում հիմնավորում չկա, բայց այդ արժեզրկումը եղել է, ինչի համար դու ահռելի վնասներ ես կրում: Դրա համար պետք էր քչացնել ռիսկերը, ինչի մասին ես արդեն նշեցի: Ապրանքը դոլարով ես գնում ու համապատասխան դրան դու այդ գումարները կորցնում ես, իսկ հիմա մենք որոշել ենք այլ մեխանիզմով աշխատել. մենք որոշել ենք հեռու պահել բիզնեսը նմանատիպ բաներից. մեր գործարքներն այլեւս բոլորը դրամով են: Մեր ընկերությունը դրամով է գնում ու դրամով էլ վաճառում: Կարծում եմ՝ ես բացատրեցի այն իրավիճակը, որն այսօր կա:

-Այսուհետ խոշոր հարկատուների ցուցակում Ձեր ղեկավարած ընկերությունը այլ անունո՞վ է լինելու, արդյո՞ք Ձեզ կհաջողվի նույն հորիզոնականներում պահել Ձեր դիրքերը:

-Խոշոր հարկատուների ցուցակում կա երկու ընկերություն՝ «Ջի-Տի Արմենիա» եւ «Յունիկոմ», այսինքն՝ «Արսօյլ»-ը երկու կառույց է դարձել: Ինքն` «Արսօյլ»-ը, դադարեցրել է իր գործունեությունը, որովհետեւ այլեւս ներկրմամբ չի զբաղվելու: Ես կարծում եմ, որ նշված երկու ընկերություններն էլ կվճարեն հարկերն այնպես, ինչպես միշտ եղել է: Ես որեւէ արտառոց բան այստեղ չեմ տեսնում, բնականոն աշխատանքներ են, որոնք կատարվում են: Չի փակվել, չեն խլել, որեւէ բան տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ որեւէ արտառոց բան պետք չի այդտեղ փնտրել:

-Բայց Դուք չեք նշում, թե ովքեր են «մեղավորները», որ Դուք դադարեցրել եք այդ ոլորտում Ձեր գործունեությունը, գուցե ՀՀ Կառավարության վատ աշխատանքի արդյո՞ւնքն է սա:

-Մեզ վրա Կառավարություն չի գալիս, ուղղակի Կառավորության վրա է երկիր գալիս, շատ կառավարություններ օգտվեցին Հայաստանից, բայց Հայաստանը ոչ մի Կառավարությունից չօգտվեց: Խնդրում եմ՝ ինչ-որ ինտրիգներ մի՛ փնտրեք, ինչ կա, կա, ես կարծում եմ՝ պատասխանեցի բոլոր այն հարցերին, որոնք Ձեզ հուզում էին: Ունենք այն, ինչ ունենք: Շնորհակալություն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս