«Խոպան» գնալն այլևս ձեռնտու չէ. Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կիրառած պատժամիջոցների հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում ավելացել է այն բնակիչների թիվը, ովքեր հրաժարվում են Ռուսաստան՝ սեզոնային աշխատանքի մեկնելու սովորույթից կամ էլ ամռան կեսին այնտեղ գործը կիսատ թողած՝ ստիպված Հայաստան՝ տուն են վերադառնում:

Պատճառը Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների կիրառած պատժամիջոցների եւ նավթի համաշխարհային ցածր գնով պայմանավորված՝ ռուսական ռուբլու փոխարժեքի շարունակվող անկումն է:

Նշենք, որ հայերի մի զգալի մասն այնտեղ աշխատում է շինարարության մեջ, ֆիզիկապես դժվար գործ է կատարում, բնակվում անտանելի պայմաններում: Եւ, ահա, այդ ծանր պայմաններում կատարած աշխատանքի վարձատրությունը, երբ փոխանակում են դրամի կամ այլ արժույթի հետ, պարզվում է, որ արդյունքը նպաստավոր չէ: Ռուսական արժույթի անկումին ավելացել է ուկրաինական էժան աշխատուժի հետ մրցակցելու գործոնը:

Նոյեմբերյան քաղաքի 40-ամյա բնակիչը Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու համար այս տարի թողեց փրկարարի աշխատանքը: Սակայն երկու ամիս Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում շինարարությունում աշխատելուց հետո վերադարձավ Նոյեմբերյան: Նա «Ժողովուրդ»-ին ասաց, որ մտադիր է առաջիկայում որպես պայմանագրային զինծառայող անդամագրվել հայոց բանակին:

Տղամարդու խոսքերով՝ Ռուսաստանից Հայաստան եկած միկրոավտոբուսի ուղեւորների մեծ մասն իր նման Ռուսաստան արտագնա աշխատանքի գնացած տղամարդիկ էին, որոնց «խոպանի» գործը չէր ստացվել:

Նոյեմբերյանցին ասաց. «Ուկրաինայի բնակիչները հեղեղել են Ռուսաստանի շրջանները: Նրանց՝ որպես փախստականների, տեղավորել են մեծ հանրակացարաններում, ուր կոմունալ վարձեր չեն մուծում: Ուկրաինացի փախստականները ստիպված համաձայնում են շինարարական աշխատանքները կատարել ցածր գներով, մեզ նման գներով աշխատելը, տանից-տեղից հեռու, այլեւս ձեռնտու չէ»: Այսպիսով՝ առաջվա ռուսական երազանքն այլեւս անհրապույր մի բան է դարձել:

Մարդիկ ստիպված են ապրելու հնարավորություններ փնտրել հայրենիքում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս