Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպելիս իրենց կրկեսի մասնակից չե՞ն զգում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որեւէ զարգացման ուղղակի արգելակ: Մի բան, ինչն ակնհայտորեն երեւում է արդեն վաղուց: Ցանկացած լուսավոր անհատ կամ ցանկացած լուսավոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խավարի ուժը՝ աղաղակ, պիտակավորում, անվանարկում, «ես այսօր այստեղ եմ եւ ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ» մակարդակից վեր յուրաքանչյուր մտքի բռնաբարում»:

Այս խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է, նկարում ձախից` կոստյումով, իսկ հասցեատերը՝ Գագիկ Ծառուկյանը` նկարում աջից, սպիտակ, սպորտային հագուստով: Բերված մեջբերումն ընդամենը մի հատված է Սերժ Սարգսյանի ելույթից, որը հնչել է այս տարվա փետրվարի 12-ին: Ի դեպ, լուսնկարն արվել է երեկ, երբ Սերժ Սարգսյանն այցելել է Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում կառուցված օլիմպիական ավան:

Հետաքրքիր է, երբ Սերժ Սարգսյանը հանդիպում է Գագիկ Ծառուկյանին, ինչպիսի զգացողություն է ունենում՝ նա իրեն կրկեսի մասնակից չի՞ զգում: Կամ երբ Գագիկ Ծառուկյանը որոշում է Սերժ Սարգսյանին ինչ-որ տեղ հրավիրել, հիշո՞ւմ է, որ ժամանակին ինքն էր կոչ անում. «… հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից:  Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, եւ մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ եւ ամոթալի այս էջը: Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից»:

Մի խոսքով, մեր հայրենիքը մեծ կրկեսի է վերածվել, որի հերթական արարը երեկ էր՝ Դավթաշեն համայնքում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս