Մուշեղի նախկին կինը խանդում էր Մաջնունյանին. ինչ գիտի Անի Զախարյանն էքստրասենսի և նրա սպանության մեջ մեղադրվողի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող, կալանավորված «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս-Մուշեղյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել դեպքի հետ կապված: Մխիթար Մոս-Մուշեղյանը վստահաբար նշել է, որ ինքը մարդասպան չէ և այժ կալանավորված է, որպեսզի քննությանը չխանգարի: Նա իր խոսքում նաև հիշատակել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի անունը: Մանսնավորապես` նա նշել է, որ Անի Մաջնունյանի սպանության լուրը իմացել է Զախարյանից: «Առավոտյան ինձ զանգեց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ասաց՝ իմացա՞ր Անիի հետ կապված նորությունը, ծիծաղս եկավ, որովհետեւ դրանից մի ամիս առաջ էլ գրել էին, թե ես եմ մահացել, ասացի՝ հերթը հասավ Անիին: Աչքս ընկավ «Ֆեյսբուքին», Անին կայքում չէր, բայց նա ամեն առավոտ մտնում էր սոցցանցեր, մեկ էլ տեսա ինտերնետի նյութերը, լուսանկարները»,- ասել էր Մխիթարը:

Armlur.am-ի հետ զրույցում Անի Զախարյանն ասաց, որ ինքը Մխիթարին ճանաչում էր Բաղրամյան պողոտայից, երբ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի շրջանակներում ակտիվիստները փակել էին պողոտան: «Անձամբ ճանաչել եմ նրան, սակայն այս ընդհանուր միջադեպի հետ կապված չեմ բարձրաձայնել այդ մասին, քանի որ գործին դրանից ոչինչ չէի տա: Նրան Բաղրամյան պողոտայից եմ ճանաչում: Նա ինձ մոտեցել էր, իբր ուզում էր կուսակցությանն անդամակցել, համագործակցել և այլն»,- ասաց Զախարյանը: Հարցին` ինչու է նրա անունը հիմա բարձրաձայնում Մուշեղը, Անին պատասխանեց. «Նա երեկ ինձ զանգահարել էր իբր իմանալու` ես հավատում եմ այն ամենին ինչ իր անվան շուրջ է պտտվում: Ես էլ ասեցի` այո, հավատում եմ, քանի որ այլ կասկածյալ չկա և ասեցի այլևս ինձ չանհանգստացնես: Երևի հենց դրանից ելնելով որոշեց իմ անունը շոշափել»:

Զախարյանի խոսքով` այն ժամանակ, երբ ինքը հեռախոսով հայտնել է Անի Մաջնունյանի սպանության լուրը, Մուշեղի պատասխանը եղել է հետևյալը. «Հաջորդը ես եմ»: Զախարյանը նշեց, որ Մուշեղին ճանաչելով կարող է հավատալ, որ վերջինս նման արարք կգործի. «Գիտեք, մարդն, ով ներկայանում է 32 տարեկան, երբ ինքը 20 տարեկան է, մարդ, որը չի աշխատում, բայց անընդհատ այս սրճարանից այն սրճարանն է գնում, այս ռեստորանից այն ռեստորանը, գումարրներ են պտտվում իր ձեռքին, մարդ ով անձնական լուրջ խնդիրներ ունի ընտանիքում և այլն, նրանից ամեն ինչ կարելի է սպասել: Այս մարդու կյանքում ոչ մի ստատիկ բան չկար»:

Անի Զախարյանն ասաց, որ ինքը Աննա Միսակյանին ևս ճանաչել է Բաղրամյան պողոտայի դեպքերից. «Նորմալ երեխայի տպավորություն էր թողնում, շատ մտերիմ, լավ հարաբերությունների մեջ ենք եղել: Ես Բաղրամյանում շփվելիս նրա և Մուշեղի միջև որևէ վատ հարաբերություններ չեմ նկատել»: Մեր զրուցակցի խոսքով` Մուշեղը կեղծիքի և ստի մեջ թաթախված անձնավորություն էր: Մուշեղի և Անի Մաջնունյանի անձնական հարաբերությունների մասով, Զախարյանն ասաց, որ Մուշեղի պատմելով, իր կինը խանդում էր էքստրասենսին: «Ինքն ինձ ներկայացնում էր, որ Անիի հետ միայն մտերիմ հարաբերություններ են եղել: Նա ասում էր, որ իր կինը, ումից արդեն բաժանվել է, խանդում էր Մաջնունյանին: Նրանք երեխա էլ ունեն: Բայց ես կարծում եմ, էքստրասենսի նման կինը այդ պատանուն լուրջ չէր կարող վերաբերվել: Դա երևի եղել էր զուտ մարդկային շփում»:

Մուշեղի մի քանի անգամ ամուսնացած բաժանված լինելու վերաբերյալ Զախարյանն ասաց, որ այն ժամանակ Մուշեղն իրեն պատմել էր, որ 3 անգամ ամուսնացած բաժանված է եղել: «Իրենից 30 տարի մեծ  կնոջ հետ է կապված եղել, մյուսից դեպքից մի քանի օր առաջ էր բաժանվել, մի հատ էլ տղա ունի, ով Իսպանիայում է: Նա այնպիսի փաստեր էր ներկայացնում, որ կարող էիր հավատալ նրա 32 տարեկան լինելուն»,- եզրափակեց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը:

Հիշեցնենք, որ էքստրասենս Անի Մաջնունյանը դաժանորեն սպանվել է օգոստոսի 5-ին` իր բնակարանում:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս