ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզ` խաղողի մթերման կազմակերպման աշխատանքներին հետևելու նպատակով: Նախարարը եղել է մարզի մի շարք սահմանամերձ համայնքներում և բոլոր վերամշակող ընկերություններում, այս մասին armlur.am-ը տեղեկացավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Սահմանամերձ համայնքները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և մեր նպատակն է առավելագույնս աջակցել այս համայնքների բնակիչներին, ովքեր իրենց կյանքի գնով են բերքը մշակում` իրացումն առանց խոչընդոտների կազմակերպելու հարցում:», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի տնօրեն Գարիկ Վարդանյանի տեղեկացմամբ ընկերությունն օրական մթերում է 200 տոննա խաղող, ընդ որում, ամբողջությամբ Տավուշի մարզից: Ըստ նրա` խաղողագործների հետ կնքված պայմանագրերով նախատեսվում էր մթերել 4100 տոննա խաղող, սակայն որակյալ արտադրանքի առաջարկի դեպքում ընկերությունը պատրաստ է անսահմանափակ քանակությամբ մթերումներ իրականացնել: Ընկերության կողմից արդեն իսկ մթերվել է 2500 տոննա խաղող: Տնօրենը նաև տեղեկացրել է, որ գործարանն ունի 19 մշտական և 21 սեզոնային աշխատակիցներ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 120 հազար դրամ, բոլորը մարզի բնակիչներ են:
Այնուհետև նախարարն ուղևորվել է դեպի Այգեպարի գինու գործարան: Այստեղ խաղողի մթերումները կսկսվեն սեպտեմբերի 28-ից: Թեև նախապես պայմանագրեր չեն կնքվել գյուղացիների հետ, սակայն պատասխանատուները հավաստիացրեցին`պատրաստ են մթերել ամբողջ բերքը:
Նախարար Սերգո Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Վարագավան համայնքի խաղողագործների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Խաղողագործ Սվետլանա Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2000 մ2 վրա խաղող է մշակում, այս տարի արդեն ստացել է 5 տոննա բերք, ունի պայմանագիր Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի հետ և պատրաստվում է իրացնել արտադրանքը: Այգեհովիտ համայնքում նախարարը զրուցել է խաղողագործների հետ, որոնք մեծ դժվարությամբ հավաքում են խաղողի բերքը, նախարարը հորդորել է առաջին հերթին հետևել իրենց անվտանգությանն ու զգոնություն պահպանել։
Այցի ընթացքում նախարարը եղել է նաև մարզի Բերդավան համայնքում գտնվող խաղողի մթերման կետում, զրուցել գյուղացիների հետ, պատասխանել նրանց հուցող հարցերին: Հանդիպմանը ներկա էին նաև հարակից մի շարք համայնքների ղեկավարներ: Նախարարը հավաստիացրել է խաղողագործներին, որ չնայած վերամշակող ընկերությունները խնդիրներ ունեն, սակայն նախորդ տարվա մթերման գինը կպահպանվի, բերքն ամբողջ ծավալով կմթերվի: Նախարարը հայտնել է, որ մի քանի օրից կվերագործարկվի տեղի մթերման կետը, նախարարությունը նաև կհետևի, որպեսզի մթերված խաղողի դիմաց վճարումները ժամանակին կատարվեն:
Նախարարի խոսքով՝ անցյալ տարի Տավուշի մարզում արտադրվել է շուրջ 15 հազար տոննա խաղող, որից մթերվել է 7 500-ը, այս տարի բերքն ավելի առատ է, կան տարածքներ, որտեղ հեկտարից մինչև 25 տոննա խաղող են ստանալու: Մարզում կան թվով 5 մթերող կազմակերպություններ, որոնցից 3-ն արդեն մթերումներ են իրականացնում: Սերգո Կարապետյանը կոչ է արել բնակիչներին բերքահավաքի հարցում չշտապել, քանի որ խաղողի շաքարայնությունը դեռևս այնքան էլ բարձր չէ՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ բոլոր վերամշակող ընկերությունների հետ հստակ պայմանավորվածություն ունեն՝ բերքն ամբողջությամբ կմթերվի, և դաշտում խաղող չի մնա: Անդրադառնալով վճարումների հարցին՝ նախարարը մասնավորապես նշել է, որ Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղը վճարումները կատարում է եռօրյա ժամկետում, մնացած ընկերությունները՝ ըստ սահմանված գրաֆիկի:
Այցի ավարտին նախարարն այցելել է նաև «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ Դեբեդավանի մասնաճյուղ և Իջևանի գինու գործարան, որտեղ խաղողի մթերումների մեկնարկն այսօրվանից արդեն տրված է: Գործարանի գործադիր տնօրեն Ատոմ Էգոյանի խոսքով՝ հաշվի առնելով բերքի առատությունը՝ այս տարի իրենց ունեցած պահանջարկից ավել խաղող կմթերեն։